
Արևմտյան որոշ փորձագետներ կարծում են, թե Ուկրաինայի վերջին հարձակումները ռուսական ռազմաօդային բազաների վրա կարող են ուժեղացնել նրա դիրքերը բանակցություններում, որոնց հերթական ռաունդը տեղի է ունենալու վաղը՝ Ստամբուլի Չիրաղան պալատում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Սակայն այս կարծիքն այնքան էլ համոզիչ չէ: Իհարկե, Ուկրաինան շոշափելի վնաս է հասցրել ռուսական ռազմաբազաներին, ինչը, սակայն, էապես չի ազդում պատերազմի ընթացքի, ուժերի բալանսի վրա ու ավելին՝ Մոսկվային կարող է դրդել ավելի կոշտ դիրքորոշման ու գործողությունների։ Սա սովորաբար բանակցային գործընթացը դարձնում է ավելի բարդ ու քիչ փոխզիջումային։
Ըստ այդմ, Ստամբուլում առաջընթաց կարող է արձանագրվել միայն հումանիտար հարցերում, իսկ կողմերի կողմից առաջարկվող լուծումների անհամատեղելիությունը ու Կիևի երեկվա գործողությունները կարող են մեծացնել էսկալացիան պատերազմում: Մեծ հաշվով, մնում եմ իմ կարծիքին՝ քանի ձգձգվում է բանակցային լուծումը, այնքան ավելի մեծանում է այն գինը, որը պետք է վճարի Ուկրաինան՝ պատերազմի ավարտի դիմաց»,-գրել է նա։