
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 5 անչափահաս է պահվում, որոնցից 2-ը դատապարտյալներ են, 3-ը՝ իրենց դատավճռին սպասող կալանավորվածներ: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«Հայաստանի ՔԿՀ–ներում պահվում են նաև օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 344 անձինք, որոնցից 272-ը կալանավորվածներ են, 72-ը՝ դատապարտյալներ»,- նշել է գերատեսչությունը:
Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրել են, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ պահվում է 2826 մարդ, որոնցից 1498-ը կալանավորված են, 1328-ը՝ դատապարտյալ: Հանրապետության ՔԿՀ-ները նախատեսված են 4000 անձի համար, որից 1805-ը` կալանավորված անձանց համար։,
«Քրեակատարողական ծառայության հաստիքային միավորները կազմում են 2026, որից համալրված է 1836-ը։ Ծառայության աշխատակիցներից 212-ը կանայք են», — հայտնել են գերատեսչությունից։
Նշենք, որ Հայաստանում կա 10 քրեակատարողական հիմնարկ, որոնցից 1-ը դատապարտյալների հիվանդանոցն է։ Կանայք և անչափահասները պահվում են «Աբովյան» ՔԿՀ-ում: