Պուտինը ՌԴ ՊՆ-ին օժտել է միջուկային զենք մշակ...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդլայնել է պաշտպանության նախարարության լիազորությունները՝ գերատեսչությանը տրամադրելով վերրահսկողության իրավունք անվտանգության ոլորտում՝ այն օբյեկտների հանդեպ, որոնք մշակում են միջուկային զենք, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։

Հրամանագիրը տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման պորտալում։

Ռազմական գերատեսչության լիազորությունները շարադրված են նախագահի հրամանագրի 70.1 ենթակետում՝ «ՌԴ ՊՆ հարցերը»։ Մինչ այսօրվա հրամանագիրը դրանում ասվում էր, որ ռազմական գերատեսչությունը իրականացնում է այն օբյեկտների վերահսկողությունը, որոնք աշխատեցնում են «Ռոսատոմը» եւ նրա դուստր ընկերությունները։

Կորպորացիան, ինչպես նշված է ենթակետում, միջուկային օբյեկտների սեփականատեր էր հանդես գալիս պետության անունից։ Ռազմական գերատեսչությունը հետեւում է միջուկային զենքի մշակման, պատրաստման, շահագործման եւ թափոնացման անվտանգությանը։

Նոր խմբագրմամբ «Ռոսատոմի» օբյեկտների սեփականության իրավունքների մասին տողերը չկան։ Ենթակետում նաեւ ասվում է, որ ՊՆ-ն կսկսի վերահսկողություն իրականացնել ռազմական նշանակության միջուկային էներգետիկ սարքերի հանդեպ։ Ավելի վաղ փաստաթղթում դրանք չէին հիշատակվում։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից՝ այսօր, հոկտեմբերի 10-ին։

Սեպտեմբերի 25-ին ՌԴ նախագահը հայտնել էր միջուկային դոկտրինի փոփոխության մասին։ Փաստաթղթում կգրվի նաեւ, որ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան Ռուսաստանի դեմ միջուկային տերության աջակցությամբ կդիտարկվի որպես համատեղ հարձակում։ Կրեմլում դոկտրինի փոփոխություններն անվանել են ազդանշան «ոչ բարեկամական» երկրների համար։ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն հայտնել է, որ դաշինքը սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի միջուկային դոկտրինի փոփոխություններում։