Պուտինը նշել է այն քայլերի կարևորությունը, որ...

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրույցը տեղի է ունեցել Երևանի նախաձեռնությամբ, հայտնում է Կրեմլը։ 

«Փաշինյանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի նախագահը նշել է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղություն ապահովելուն ուղղված քայլերի կարևորությունը և հայտնել Մոսկվայի պատրաստակամությունը՝ աջակցելու այս գործընթացին։

«Վլադիմիր Պուտինը նշել է այն քայլերի կարևորությունը, որոնք նպաստում են Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության ապահովմանը։ Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակի հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան՝ նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Պուտինը Փաշինյանին պատմել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ զրույցի արդյունքների և Ալյասկայում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին։

«Վլադիմիր Պուտինը, իր հերթին, խոսել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆ հետ զրույցի հիմնական արդյունքների և Ալյասկայում Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ վարչապետը ողջունել է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը։

Առաջնորդները քննարկել են առևտրային և ներդրումային համագործակցության զարգացումը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկրների միջև փոխգործակցությունը։

«Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի որոշ արդիական հարցերի՝ շեշտը դնելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում առևտրային և ներդրումային համագործակցության և փոխգործակցության հետագա զարգացման վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։