Պուտինը հրթիռներ փորձարկելու փոխարեն պետք է դ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Մոսկվայի կողմից նոր՝ «Բուրեվեստնիկ» հրթիռի փորձարկմանը՝ նշելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է դադարեցնի Ուկրաինայում պատերազմը, ոչ թե հրթիռներ փորձարկի: Այս մասին Թրամփն ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում: 

Ըստ Մոսկվայի՝ «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռը երկնքում է եղել շուրջ 15 ժամ՝ անցնելով 14 000 կմ, և դա դրա հնարավորությունների սահմանը չէ: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարիք չունի հրթիռներ արձակել այդքան հեռու, քանի որ Ռուսաստանի ափերի մոտ միջուկային սուզանավ ունի տեղակայված:

«Նրանք գիտեն, որ մենք ունենք միջուկային սուզանավ, աշխարհում հզորագույնը, անմիջապես իրենց ափերի մոտ։ Այսինքն՝ պարտադիր չէ, որ այն անցնի 8000 մղոն», - լրագրողների հետ Թրամփի զրույցի ձայնագրությունն է տարածել Սպիտակ տունը: 

«Նրանք մեզ հետ խաղեր չեն խաղում, մենք էլ նրանց հետ խաղեր չենք խաղում։ Մենք անընդհատ հրթիռներ ենք փորձարկում։ Եվ, ի դեպ, չեմ կարծում, որ Պուտինի համար տեղին է նման բան ասել: Հարկավոր է ավարտել այս պատերազմը.... հրթիռներ փորձարկելու փոխարեն», - հավելել է Թրամփը:

Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահին զեկուցել են «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի հաջող փորձակման մասին: «Բուրեվեստնիկը» կարող է միջուկային մարտագլխիկ կրել և, ըստ Մոսկվայի, կարող է շրջանցել պաշտպանական ցանկացած համակարգ: