Պուտինը հայտարարել է նոր աշխարհակարգի ձևավորմ...

Նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Աշխաբադում «Ժամանակների և քաղաքակրթությունների հարաբերությունները՝ խաղաղության և զարգացման հիմքը» միջազգային ֆորումում, ասել է, որ աշխարհում սկսվել է «գլոբալ հիմնարար փոփոխությունների» նոր դարաշրջան։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ նոր աշխարհակարգի ձևավորումն անշրջելի է, և Ռուսաստանը բաց է բոլոր փոփոխությունների համար, գրում է Коммерсант-ը։

«Համաշխարհային խաղաղությունը և համապարփակ զարգացումը կարող են ապահովվել միայն յուրաքանչյուր ժողովրդի կարծիքը հաշվի առնելով՝ միաժամանակ հարգելով յուրաքանչյուր պետության՝ իր ինքնիշխան ընթացքի, իր աշխարհայացքի, սեփական ավանդույթների և կրոնական գաղափարների իրավունքը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Ինչպես հավելել է նախագահը, Ռուսաստանը հանդես է գալիս զարգացող բազմաբևեռ աշխարհում փոխգործակցության պարամետրերի վերաբերյալ հնարավորինս լայն քննարկման օգտին: Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ընկերների և գործընկերների հետ քննարկել նոր աշխարհակարգի կառուցման հարցեր, այդ թվում՝ ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և ՇՀԿ շրջանակներում։

Իր ելույթի ժամանակ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի իշխանություններին տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում ներդրած ավանդի համար։ Նա նաև հրավիրել է երկրի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին և ֆորումին եկած այլ պետությունների ղեկավարներին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին։

Պուտինը Աշխաբադ ​​է ժամանել Սերդար Բերդիմուհամեդովի հրավերով։ Ֆորումը նվիրված է բանաստեղծ Մագթիմգուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին։ Սպասվում է, որ Թուրքմենստան կատարած այցի ընթացքում Վլադիմիր Պուտինը կհանդիպի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ։