Պուտինը եւ Մոդին բանակցում են Կազանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի բանակցություններն սկսվել են երեքշաբթի Կազանի Կրեմլում, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Ռուս-հնդկական հարաբերությունները կրում են հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության բնույթ եւ շարունակում են ակտիվորեն զարգանալ»,- ասել է Պուտինը Մոդիի հետ հանդիպման ընթացքում։

Ռուսաստանը եւ Հնդկաստանը փոխգործակցում են տարբեր ուղղություններով, այդ թվում դիվանագիտության մասով եւ օրենսդրական մարմինների գծով, ավելացրել է ՌԴ նախագահը։

«Լավ վիճակում է ապրանքաշրջանառությունը։ Միջկառավաական հանձնաժողովի հերթական նիստը նախատեսված է Նյու դելիում նոյեմբերի 12-ին»,- նշել է Պուտինը։

«Մենք ողջունում ենք Կազանում Հնդկաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու ձեր որոշումը։ Դիվանագիտական հարաբերությունների ընդլայնումը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ընդգծել է նա։

Մոդին իր հերթին հայտնել է, որ պատրաստ է աջակցել ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության խաղաղ լուծմանը։

«Մենք մշտապես շփման մեջ ենք։ Ինչպես ես ասել եմ նաեւ նախկինում, մենք կարծում ենք, որ խնդիրները պետք է լուծվեն խաղաղ միջոցներով, եւ մենք լիովին աջակցում ենք խաղաղության եւ կայունության շուտափույթ հաստատմանը։ Մեր բոլոր ջանքերում մենք գերակա նշանակություն ենք տալիս մարդկայնությանը, եւ մենք պատրաստ ենք  հնարավոր ամեն աջակցություն ցուցաբերել նաեւ ապագայում»,- ասել է Մոդին Պուտինի հետ հանդիպման ժամանակ։