Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Առաջնորդները ներկայացրել են իրենց գնահատականները Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Դոնբասում ուկրաինական իշխանությունների ագրեսիայի եւ Մինսկի պայմանավորվածությունները կատարումից նրանց կտրականապես հրաժարվելու պայմաններում ընդունված որոշման օբյեկտիվ անհրաժեշտությունը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է իր հայտնի տեսակետներն այս հարցում։
Անդրադարձ է կատարվել նաեւ Ռուսաստանի Դաշնության անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքների մշակման թեմային։ Այս համատեքստում Վլադիմիր Պուտինն իր հիասթափությունն է հայտնել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի արձագանքի կապակցությամբ, որը ռուսական օրինական մտահոգությունների եւ պահանջների անտեսում էր նշանակում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ռուս-թուրքական շփումները տարբեր ձեւաչափերով»,- ասվում է հաղորդագրության մեջ:



