
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բարձր է գնահատում Էր Ռիադում անցկացված բանակցությունների արդյունքները։ Ըստ նրա՝ ռուս և ամերիկացի դիվանագետների արտաքսումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, և այժմ դիվանագիտական առաքելությունների աշխատանքը կվերսկսվի, հաղորդում է ТАСС-ը։ Նախագահը հավելել է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահագներն առաջին քայլերն են արել Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում և Պաղեստինում համագործակցության ուղղությամբ։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
«Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի հրաժարվել Եվրոպայի կամ Ուկրաինայի հետ երկխոսությունից։ Եվրոպացիներն իրենք են դադարեցրել շփումները Մոսկվայի հետ, իսկ Կիևն իրեն նույնիսկ արգելել է բանակցել Ռուսաստանի հետ»,- ընդգծել է Պուտինը։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ իրենց համար բավական չէ պարզապես հանդիպել Թրամփի հետ, անհրաժեշտ է մշակել ամենակարևոր, ներառյալ՝ Ուկրաինայի առնչությամբ հարցերը:
Պուտինը ասել է նաև, որ պատրաստ չէ ասել, թե երբ կարող է տեղի ունենալ իր հանդիպումը Թրամփի հետ։
Թրամփը խոստացել է արագ կարգավորել ուկրաինական ճգնաժամը, սակայն նախագահի պաշտոնում տեղեկություն ստանալով՝ փոխել է դիրքորոշումը, ինչը բնական է, պարզաբանել է ՌԴ նախագահը։