ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելո...

Օրինագծի մշակումը պայմանավորված է ինչպես ԱԱԾ-ից ՊՊԾ-ի առանձնացման հետեւանքով մի շարք օրենքներում տեխնիկական բնույթի լրացումներ կատարելու, այնպես էլ որոշ իրավահարաբերությունների վերանայման անհրաժեշտությամբ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստտում նշել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը՝ քննարկմանը ներկայացնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Նշենք, որ այս փոփոխություններով ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու եւ կիրառելու լիազորություն կստանան:

Զեկուցողը նշել է, որ ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենսդրական փաթեթի վերաբերյալ պատգամավորներն առաջարկություններ չեն ներկայացրել: Կառավարության առաջարկությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում կատարվել են տեխնիկական բնույթի փոխություններ եւ մեկ բովանդակային լրացում: Օրինագծով նախատեսվող կարգավորումների լիարժեքությունն ապահովելու եւ այն «Պաշտպանության մասին» օրենքին համապատասխանեցնելու նպատակով ծառայության խնդիրների թվում ավելացվել է պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ ՊՊԾ-ին՝ իր իրավասության շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելուն վերաբերյալ դրույթը:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը նշել է, որ օրենքի ընդունումը կնպաստի ՊՊԾ-ն ի գործառույթներն էլ ավելի հստակ կատարելուն: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ հասարակությունը բարձր է գնահատում այն ծառայությունը, որը իրականացնում է կառույցը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է ծառայության զարգացման տեմպերը, որակական ցուցանիշները եւ նշել, որ ավելի տեղեկացված լինելու համար անհրաժեշտ է ավելացնել ծառայության գործիքակազմը:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: