Փորձ է արվում այդ խնդիրը մեր ներքին հարցերի վ...

Շիրակի մարզի Ազատան համայնքում Նիկոլ Փաշինյանն ընդունել է՝ մինչ այժմ ի վիճակի չեն եղել գերիներին վերադարձնել, բայցև նշել, որ արել են առավելագույնն այդ խնդիրը լուծելու համար:

«Այն ունի բազմաթիվ շերտեր, բայց ես այս ընթացքում համոզվել եմ մի բանում, որ մենք ինչքան մանրամասն ենք խոսում այս  թեմայի մասին, այնքան խնդրի լուծումն ուշանում է: Ես անձամբ ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ ճանապարհներին այդ թեմայով աշխատում եմ: Այս ընթացքում գնում են տարբեր խոսակցություններ, բանակցություններ, տարբեր նյուանսներ են քննարկվում: Ես որևէ կասկած չունեմ, որ մենք այդ խնդիրը լուծելու ենք: Չեմ թաքցնում, որ փորձ է արվում այդ խնդիրը մեր ներքին հարցերի վրա ազդեցություն ունենալու համար օգտագործել: Պետք չի դա ժխտել: Բայց մի բանում պետք է համոզված լինեք, որ արվում է առավելագույնը, և կլինեն կոնկրետ արդյունքներ: Դա ժամանակի հարց է»,- նշեց նա՝ կրկնելով, որ համապատասխան մարմիններին հանձնարարել է՝ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն իր առաջարկը, որ իր որդին՝ Աշոտ Փաշինյանը, պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի դիմաց: