Politico. Բայդենի վարչակազմը մտադիր է Ուկրաին...

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային փոխանցել ավելի քան 6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության վերջին փաթեթը՝ ենթադրելով, որ Կիևին աջակցությունը կարող է դադարեցվել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը ստանձնի պետության ղեկը: Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները։

Ընդհանուր փաթեթից 4,3 մլրդ դոլարը հատկացվում է զենքի համար, որն արդեն պահվում է Պենտագոնի պահեստներում, իսկ 2,1 մլրդ դոլարը նախատեսված է արտադրողների կողմից նոր պատվերների համար։ Ինչպես պարզաբանել է Պենտագոնի բյուջեի նախկին աշխատակից Մարկ Կանչիանը, Միացյալ Նահանգները կարող է զենք ուղարկել Ուկրաինա «միայն այն ժամանակ, երբ նոր զենքեր են արտադրվում»։ Կանչիանը նաև նշել է, որ իշխանությունները կարող են օգտագործել Պենտագոնի ռեզերվներն այդ նպատակների համար, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք ամերիկյան ռազմական հրամանատարությունը կորոշի նման քայլի գնալ։

ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Չարլի Դիտցը Politico-ին ասել է, որ Պենտագոնը կշարունակի աջակցել Ուկրաինային հաստատված օգնության փաթեթների միջոցով: Նա նաև նշել է, որ նոր մատակարարումների մասին կարող է հայտարարվել առաջիկա շաբաթների ընթացքում:

Հունվարի 20-ին պաշտոնը ստանձնած նորընտիր նախագահը իրավասու է դադարեցնել իր նախորդի կողմից հաստատված մատակարարումները, եթե դրանք դեռ չեն ուղարկվել: Դոնալդ Թրամփը նախկինում թերահավատություն էր հայտնել Ուկրաինային ռազմական օգնության վերաբերյալ։