Պոլիէթիլենային խողովակներ և մետաղական ճշգրիտ...

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԵՂՈՅԱՆ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային խողովակների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 60 մլն դրամի ներդրում սարքավորումների և 2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 6 աշխատատեղ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է ստեղծել 1 նոր աշխատատեղ՝ 240 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 100 մլն դրամ։

Մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց նաեւ «Գետնառյուծ» ՍՊԸ-ն: Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումը նախատեսվում է օգտագործել սև և գունավոր մետաղական ճշգրիտ ձուլվածքների՝ թվային ծրագրավորմամբ, մեխանիկական մշակում իրականացնելու համար։

Գործունեությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 33․4 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման և 16․7 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 5 աշխատատեղ93 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 7 նոր աշխատատեղ՝ 100հազդրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 15 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 752 հազ դրամ։