Եթե իմ հեռախոսի մեջ կլինի որևէ տեղեկատվություն, որն իրենից ենթադրում է ծանր հանցագործություն, ինձ թվում է անձնական իրավունքը և մյուս իրավունքները ստորադասվում են, որովհետև այստեղ կա ավելի մեծ, հանրորեն վտանգավոր արարք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով պատգամավոր Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունները վարչության նիստում քննարկելուն:
«Հակադարձեք ինձ, ո՞ր օրենքն է խախտվել, կարդացե՞լ է որևէ մեկը: Ես պնդում եմ, որ խախտում չի եղել, հակառակը՝ ունե՞ք, բերեք ասեք, այ, այս օրենքի այսինչ կետով խախտվել է: Ես, եթե լինեի քննիչ կամ գլխավոր դատախազ, ես կգայի, կհիմնավորեի՝ ո՞ր օրենքով է արվել, ես չէ, որ պետք է դնեմ, ասեմ՝ ո՞ր օրենքի ո՞ր հոդվածով ինչ է տեղի ունեցել: Դուք ինձ սահմանադրական հոդվածն եք մեջբերում, բայց կեսն ես մեջբերում, այսինքն մարդն անձնական կյանքում ինչ ուզի չի կարող անել, որովհետև այդ սահմանադրական հոդվածը շարունակություն ունի և կա օրենքով նախատեսված դեպքեր»,- ասաց Գաբրիելյանը:
Լրագրողի դիտարկմանը՝ արդյոք տվյալ պարագայում չի խախվել Աղազարյանի անձնական կյանքի իրավունքը, պատգամավորը նշեց.
«Ի՞նչ գիտեք, որ անձնական կյանքի իրավունք է խախտվել, ինչ գիտեք, որ սիրուհու հարց է քննարկվել: Ձեր և պատգամավորի անձնական կյանքը նույնը չէ, պատգամավորը, որը տիրապետում է պետական առաջին կամ երկրորդ աստիճանի գաղտնիության, իր անձնական շփումները և ձեր անձնական շփումները տարբեր հարթությունների վրա են»: