Փիթ Հեգսեթը հանձնարարել է Աֆղանստանից ամերիկյ...

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հանձնարարել է 2021 թվականին Աֆղանստանից ամերիկյան զորքերի քաոսային դուրսբերման «համակողմանի վերանայում» անցկացնել՝ հայտարարելով, որ դա անհրաժեշտ է տեղի ունեցածի համար պատասխանատվությունն ապահովելու համար, հայտնում է NBC News-ը։

ԱՄՆ զորքերի դուրսբերումն արդեն իսկ բազմաթիվ ստուգումների առարկա է եղել, այդ թվում՝ զինվորականների, Պետական դեպարտամենտի և Հանրապետականների Ներկայացուցիչների պալատի կողմից։ Հեգսեթն ասել է, որ նոր ստուգումը կանցկացնի իր գլխավոր մամուլի քարտուղար Շոն Փարնելը։

«Նոր վերանայումը կարևոր քայլ է ամերիկացի ժողովրդի և զինվորական համազգեստ կրող բոլոր անձանց կողմից հավատի ու վստահության վերականգնման ճանապարհին, և այն խելամիտ է՝ հաշվի առնելով զորքերի դուրսբերման այս գործողության ընթացքում կորցրած զոհերի և տեխնիկայի քանակը»,- նշել է Հեգսեթը ծառայողական գրության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ է քննադատել իր նախորդի՝ Ջո Բայդենի, վարչակազմին տարհանման համար, որի ընթացքում Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 13 ամերիկացի զինծառայող և ավելի քան 150 աֆղանցի։

Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ քաոսը Թրամփի առաջին վարչակազմի կողմից զորքերի կրճատման և պլանավորման բացակայության հետևանք է եղել՝ 2020 թվականին թալիբների հետ ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ համաձայնագրի կնքումից հետո։