Փհենյանի և Մոսկվայի միջև հարաբերությունները զ...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները՝ պատվիրակությունների մասնակցությամբ, ավարտվել են: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Առաջնորդների զրույցը Պեկինում հանդիսավոր միջոցառումների շրջանակներում տևել է ավելի քան 1,5 ժամ։ Ռուսական կողմից մասնակցել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը և բնական պաշարների ու բնապահպանության նախարար Ալեքսանդր Կոզլովը։

Պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունների ավարտից հետո Պուտինը և Կիմ Չեն Ընը զրույցը շարունակել են դեմ առ դեմ։

ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ԿԺԴՀ առաջնորդը հայտարարել է, որ Փհենյանի և Մոսկվայի միջև հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում: 

«Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի մեծ հաջողությունների հասնենք, որպեսզի այդ ամենը համապատասխանի ժամանակի պահանջներին և օգնի բարելավել մեր ժողովուրդների բարեկեցությունը», - Կիմ Չեն Ընի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:

Հանդիպման ժամանակ ԿԺԴՀ առաջնորդը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին Կուրսկի մարզն Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից ազատագրելու գործում հյուսիսկորեացի զինվորականների դերը բարձր գնահատելու համար։

ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի առաջնորդներն այս հանդիպմանը ժամանել էին միասին՝ Ռուսաստանի նախագահի Aurus մեքենայով՝ Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի կապակցությամբ Պեկինում կազմակերպված հանդիսավոր ընդունելությունից հետո։