
Չինաստանը Պեկինի կենտրոնում անցկացրել է մեծ զինվորական շքերթ՝ նշելու Համաշխարհային երկրորդ պատերազմում և Ճապոնիայի հանդեպ հաղթանակի 80-ամյակը։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։
Թիենանմենի հրապարակում անցկացվող շքերթին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողքին հետևել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը, ինչպես նաև 20-ից ավելի այլ օտարերկրյա ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Զինվորական շքերթի ժամանակ Չինաստանը ներկայացրել է նոր զենքեր, այդ թվում՝ լազերային զենքեր, միջուկային բալիստիկ հրթիռներ, ստորջրյա մեծ անօդաչուներ, հաղորդում է BBC-ն։
Շքերթից առաջ Սի Ծինփինն ուղերձ է հղել՝ ընդգծելով 80 տարի առաջ տարած հաղթանակի կարևորությունը։ Նա երկրներին կոչ է արել «վերացնել պատերազմի արմատական պատճառները և կանխել պատմական ողբերգությունների կրկնությունը»։
Ճապոնիան պաշտոնապես կապիտուլյացիայի է ենթարկվել 1945 թ. սեպտեմբերի 2-ին, Չինաստանը սեպտեմբերի 3-ը հռչակել է Հաղթանակի օր։