
Երկար ժամանակ մենք կոնյակ էինք արտահանում՝ առանց որակի ստուգման, պարզապես չունեինք համապատասխան լաբորատոր կարողություններ։ Այս մասին կառավարության նիստում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Այլ երկրներում տարբեր մոտեցում կար. տեղ-տեղ ստուգում էին, տեղ-տեղ՝ ոչ։ Մենք նույնիսկ վիճակագրություն չէինք վարում։ Արդյունքում տեղական և միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ կային՝ իբր Հայաստանից արտահանվող կոնյակի որոշակի բարձր տոկոսի արտադրանքը խաղողի սպիրտից չէր։
Հիմա արդեն այլ երկիր ստուգում է իրականացնում, ամեն օր ինձ վիճակագրություն են ուղարկում․ օրինակ՝ 15 ավտոմեքենա՝ 15 դրական, 20 ավտոմեքենայից՝ 19 դրական, մեկը՝ բացասական, 22 մեքենայից՝ 21 դրական, մեկը՝ բացասական, և այլն։ Երբ ընդհանուր վիճակագրությունը գումարում եմ, ստացվում է 95 տոկոսից ավելի դրական արդյունք։ Ընդ որում, խոսքը կուտակված մեքենաների մասին է․ մարդիկ նույնիսկ չեն էլ իմացել, որ իրենց արտադրանքը ստուգման պետք է ենթարկվի»,- ասել է նա:
Պապոյանի խոսքով՝ սա ցույց է տալիս, որ մենք հաճախ անգամ չգիտենք՝ ինչ ենք արտադրում, բայց պարզվում է՝ բարձր որակի արտադրանք ունենք:
«Ինքս էլ հաճելիորեն զարմացած եմ։ Նույնը փաստում են նաև միջազգային կազմակերպությունները։ Քանի որ խոսքը կոնյակի մասին է, նշեմ՝ լաբորատոր կարողությունները չափազանց կարևոր են։ Վերջապես, 2025 թվականի օգոստոսի 13-ից մենք կունենանք իզոտոպային ստուգում իրականացնող լաբորատորիա։ Ճիշտ է՝ դեռ շատ համեստ հնարավորություններ կունենանք՝ օրական երեքից չորս նմուշի ստուգում, բայց սա լուրջ քայլ է։ Այս 34 տարվա ընթացքում այս խնդիրը լուծված չէր։ Այդ լաբորատորիան թույլ կտա ստուգել խաղողի սպիրտի համար կարևոր երեք իզոտոպները։
Այժմ մեր խնդիրը կլինի լաբորատորիան միջազգային մակարդակով հավատարմագրելը, որպեսզի դրա տված փաստաթղթերը այլ երկրներում էլ ընդունվեն։ Միայն այդ դեպքում կկարողանանք պրոցեսը իրականում կառավարել։ Հակառակ դեպքում կառավարումն իրականում մեր ձեռքից դուրս կգա»,- ասել է նախարարը:
Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը արձագանքելով նշել է, որ այս իրավիճակում ամենամեծ տուժողը հենց որակյալ արտադրանք թողարկող ընկերություններն են։
«Մենք պարտավոր ենք հոգատար լինել մեր արտադրանքի հեղինակության նկատմամբ։ Երբ մեկ անորակ խմբաքանակ մամուլով սկսում է շրջանառվել, այն դառնում է գնահատական ամբողջ արդյունաբերության նկատմամբ, ինչը բացարձակ անթույլատրելի է։
Վստահ եմ՝ մեր կոնյակի արտադրանքի 95 և ավելի տոկոսը բարձր որակ ունի։ Բայց պետք է ուշադիր լինենք․ կան դեպքեր, երբ հայկական կոնյակ է վաճառվում, սակայն արտադրված չէ Հայաստանում։ Դրա ազդեցությունը հետագայում տարածվում է նաև մեր տեղական արտադրանքի վրա։
Նման խնդիր ունենք նաև գյուղմթերքի ոլորտում։ Գիտեմ շուկաներ, որտեղ ոչ հայկական գյուղմթերքը ներկայացվում է որպես հայկական, որովհետև հայկական ապրանքն ունի բարձր հեղինակություն։ Պետք է մեխանիզմներ գտնենք մոնիտորինգ իրականացնելու համար։ Այստեղ ևս պետք է շատ ուշադիր լինենք»,- ասել է փոխվարչապետը։