Պետք է հասկանամ՝ իմ աչքի տեսա՞ծն էր ավելի ճիշ...

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ճեպազրույցի ընդացքում անդրադարձավ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին, որն այս պահին քննարկվում է փակ նիստով, նշեց, թե հանձնաժողովից երբեք էլ մեծ ակնկալիքներ չի ունեցել․

«Ապրիլյան պատերազմի ժամանակ և նաև 44-օրյա պատերազմի ընթացքում ես կողքից նայող չեմ եղել և շատ բաների անձնամբ եմ ականատես եղել, դրա համար հանձնաժողովի զեկույցը ինձ համար այդքան կարևոր չէր, ավելի շատ հակասական և խճճող բաներ էին, որոնք այն ժամանակ այլ տեսքով էր, հիմա այլ տեսքով է։ Լսեցի ինձ համար հակասական տեղեկություններ և պետք է հասկանամ՝ իմ աչքի տեսա՞ծն էր ավելի ճիշտ, թե՞ այսօրվա լսածս»։

Պատգամավորը նաև ասում է՝ այսօր շատ ավելի ահեղ 44-օրյա պատերազմ պետք է քննենք․

«Ես կարծում եմ, որ զեկույցի քննարկումը հրապարակային կարող էր լինել, եթե 44-օրյա պատերազմը չլիներ, քանի որ շատ բաներ այստեղ շատ ավելի մեղմ է երևալու, քան 44-օրյա պատերազմում մեր տեսածը, դրա համար գաղտնի է քննարկվում»։

Հովսեփյանը նաև ասում է՝ ի սկզբանե չպետք է հայտարարվեր, որ քննարկվելու է բաց և հրապարակային։

Անկախ պատգամավորը նաև նշեց, որ տարբեր քաղաքական ուժերից առաջարկներ ունի մասնակցելու արտահերթ ընտրություններին, բայց հակված է չմասնակցելու։