Պետդեպարտամենտը չի կատարել Ադրբեջանին աջակցու...

Ամերիկայի հայկական համագումարը հայտնում է, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) մարտի 2-ին հրապարակել է Կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) զեկույցը, որով պարզվել է, որ, ըստ Մենենդեզի՝ «Պետդեպարտամենտը ձախողել է Ադրբեջանի կառավարությանը ԱՄՆ-ի աջակցության վերանայման համար հաշվետվողականության պահանջների կատարումը»։

«Ավելին, ըստ նախագահ Մենենդեզի, GAO-ի զեկույցը «բացահայտեց, որ մի քանի տարիների ընթացքում Պետքարտուղարությունը և Պաշտպանության նախարարությունը չբավարարեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա ԱՄՆ-ի աջակցության ազդեցության մասին Կոնգրեսին ներկայացվող հաշվետվության օրենքով սահմանված պահանջներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Մենք ողջունում ենք հանձնաժողովի նախագահ Մենենդեզին իր առաջնորդության համար: Հաշվի առնելով 2020թ.-ի աշնանը Ադրբեջանի կողմից առանց դրդապատճառ սանձազերծած պատերազմը և Ադրբեջանի կողմից իրականացվող հրադադարի շարունակական խախտումները, ինչպես նաև Պետդեպարտամենտի կողմից Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի հաշվետվողականության պահանջների չկատարելը՝ մենք կոչ ենք անում Կոնգրեսին ամբողջությամբ կիրառել 907 բանաձևը»,- հայտարարել է Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:

«Համաձայն սենատոր Մենենդեզի մամուլի հաղորդագրության, GAO-ի զեկույցի հիմնական բացահայտումները հետևյալն են.

  • Պետդեպարտամենտի՝ 2014-2021թթ.-ի ֆինանսական տարիների Կոնգրեսին ներկայացված հաշվետվությունը չի անդրադարձել պահանջվող տարրերին, այդ թվում՝ առաջարկվող օգնության ազդեցությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա:
  • Պետդեպարտամենտի հիմնավորման հուշագրերը պարունակում էին սահմանափակ կամ ընդհանրապես չէին պարունակում մանրամասներ՝ կապված օգնության չափի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության կարգավիճակի, ռազմական հավասարակշռության վրա ԱՄՆ աջակցության ազդեցության կամ խաղաղության բանակցությունների վրա աջակցության ազդեցության հետ:
  • Պետդեպարտամենտի 2021թ.-ի ուղեցույցում չէին տրամադրվել մանրամասն հրահանգներ գործակալություններին՝ Կոնգրեսին հաշվետվություն ներկայացնելու պահանջների վերաբերյալ:
  • Պետդեպարտամենտը և Պաշտպանության նախարարությունը չեն փաստագրել 2014-2020թթ.-ի ֆինանսական տարիների կասեցման պահանջների իրենց դիտարկումը, ներառյալ այն, թե ինչպես են նրանք որոշել, որ օգնությունը չէր օգտագործվելու Հայաստանի դեմ հարձակվողական նպատակներով:

 

«Համագումարն ակնկալում է աշխատել նախագահ Մենենդեզի հետ՝ օրենքի այս սկզբունքային դրույթն առավել ամրապնդելու համար»,– հավելել է Խալոյանը: