Պետական պարտքի մասով խնդիրներ կան, բայց դրանք...

Ֆիսկալ կանոնի տեսանկյունից կան բացառիկ դեպքեր, երբ դու կարող ես որոշակիորեն  ճեղքել պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության առավելագույն շեմը: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով, այսօր Հայաստանում այդ ցուցանիշը 50 տոկոսից ցածր է. «Եթե կառավարության մեր գործընկերները որոշեն, որ պետք է ավելացնեն կամ իրականացնեն ծախսերը թերհավաքած եկամուտների հարաբերակցության հետ կապված, իրենք կարող են դա իրականացնել որոշակի պարտք ներգրավելով, որը 50 տոկոսից ավել կլինի, բայց չեմ կարծում, որ 60 տոկոսի խնդիր ունենք այս պահի դրությամբ: Ֆիսկալ կանոնը նաեւ ասում է, որ եթե դու ավելացնում ես պարտքը կրիտիկական շեմից ավելի, մյուս տարի քո ընթացիկ ծախսերը որոշակի կանոնով պետք է իրականացնես:

Մի խոսքով, կան խնդիրներ, բայց չեմ կարծում, որ խնդիրն այնքան սուր է, որ մենք մոտեցել ենք 60 տոկոսի շեմին»,-ասաց ԿԲ նախագահը:

Նա նաեւ նկատեց, որ դրամային պարտքի էական մեծացում է տեղի ունեցել Հայաստանում. «Այսինքն պրոպորցիաները արտարժույթ-դրամ, էապես փոխվել են: Առաջին անգամ դրամով պարտքը գերազանցել է արտարժույթային պարտքին»: