
Կառավարության որոշմամբ՝ պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման համար պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին և այլ կառույցներին անշարժ գույքը կտրամադրվի վարձակալությամբ՝ կառավարության սահմանած կարգով։
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագիծը հավանության արժանացավ կառավարության՝ մայիսի 29-ի նիստում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, օրենքի նախագծի զեկուցող Դավիթ Խուդաթյանն իր խոսքում նշեց, որ նախագիծն ուղղված է պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը։
«ՀՀ-ում ձևավորված պետական գույքի անհատույց օգտագործման համակարգը տարիների ընթացքում հանգեցրել է մի շարք համակարգային խնդիրների, այդ թվում՝ գույքի՝ թերի կամ ոչ նպատակային օգտագործման, հանրային վերահսկողության ոչ բավարար մակարդակի։ Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հաճախակի են արձանագրվում դեպքեր, երբ պետական մարմիններն ու կազմակերպությունները գույքն օգտագործում են ոչ արդյունավետ, որոշ դեպքերում՝ մասնակի և կան ընդհանրապես չօգտագործվող գույքային միավորներ»,-նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է խնդրի լուծման համար օրենսդրական նոր կարգավորում, որ համաձայն՝ պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անշարժ գույքը տրամադրել վարձակալությամբ՝ կառավարության սահմանած կարգով։
«Վարձակալությունից ստացված վճարներն ուղղվելու են պետական բյուջե»,-ասաց Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ առաջարկվող մոդելով՝ պետական մարմինների ու կազմակերպությունների համար հավելյալ ֆինանսական ծախսեր չեն առաջանում, և վարձավճարները ֆինանսավորվելու են պետական բյուջեի կողմից։
Նախարարը հավելեց, որ ուսումնասիրվել է միջազգային մի շարք երկրների փորձեր, որոնք ևս պետական գույքը կառավարում են այս տարբերակով։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկվող նախագիծը կարող է մի քանի նպատակ հետապնդել, որոնցից առաջինը տեղեկատվության թափանցիկությունն է որոշում կայացնելու համար, որպեսզի հնարավոր լինի իմանալ, թե ցանկացած գերատեսչություն ինչ ծախսեր է կատարում։
«Երկրորդ նպատակն այն է, որ մենք երբեմն գույք ենք տրամադրում տարբեր հասարակական կազմակերպություններին կամ այլ կառույցներին՝ որպես օժանդակություն իրենց գործունեությանը, և այստեղ ևս այդ ծախսը չի երևում։ Կարծում եմ, որ մեր վարած քաղաքականությունն ավելի պարզ դարձնելու համար պետք է ուղղակի գույքագրենք և հաշվենք՝ հասկանալու, թե դա ինչ է արժենում մեզ համար։ Սա այնուհետև նաև արդյունավետ որոշումներ ընդունելու համար հիմք կհանդիսանա»,-նշեց Վահե Հովհաննիսյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն, անդրադառնալով նախագծով առաջակվող փոփոխություններին, նշեց, որ դրանք որոշակի խնդիրներ կարող են ստեղծել ԿԳՄՍ նախարարության վերահսկողության տակ գտնվող գույքերի հետ կապված։
«Ամբողջությամբ հասկանալով թափանցիկության, հաշվետվողականության հարցերը, որոնք կարևոր են, կարծում ենք, որ այստեղ որոշակի առանձնահատկություններ կան, որոնք պետք է հաշվի առնվեն։ Նախևառաջ, այս ծավալի վարձակալությունն առաջացնելու է էական լրացուցիչ բեռ բյուջեի համար, բացի այդ, հաշվի առնելով նաև կրթության իրավունքի ապահովման և պետության այլ պարտավորությունները՝ այս մոտեցումը որոշակի կոնցեպտուալ հարցադրումներ է առաջացնում»,-նկատեց ԿԳՄՍ նախարարը՝ առաջարկելով Ազգային ժողովի քննարկումների փուլում քննարկել և հասկանալ ոլորտային առանձնահատկությունների տարբերությունը՝ գտնելու համար այդ նպատակին ծառայող թիրախային լուծումներ։
Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանն, իրենց հերթին, նշեցին, որ օրենքի փոփոխման նախագիծն անհրաժեշտ է ընդունել, քանի որ քննարկումներն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրենքը բարձրացնում է գույքի օգտագործման արդյունավետությունը։