Պեսկովը չգիտի, թե արդյոք նախատեսում է Պուտինը...

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ չգիտի, թե արդյոք Վլադիմիր Պուտինը նախատեսում է շնորհավորել Դոնալդ Թրամփին ընտրություններում հաղթանակի առիթով, բայց հիշեցրել է, որ ԱՄՆ-ը ոչ բարեկամական երկիր է, որը ներքաշված է Ռուսաստանի դեմ պատերազմում, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Ինչ վերաբերում է շնորհավորանքին, ես չգիտեմ Թրամփին շնորհավորելու նախագահի պլանների մասին»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Նա նշել է. «Այնուամենայնիվ, եկեք չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որն ուղիղ եւ անուղղակիորեն ներքաշված է մեր պետության դեմ պատերազմում»։

Պեսկովին հարցրել են, թե արդյոք նա չի մտածում, որ Թրամփը կարող է նեղանալ, եթե իրեն հաղթանակի առիթով չշնորհավորի Պուտինը, եւ չի վատացնի դա արդյոք  Ռուսաստանի եւ ԱՄՆ հարաբերություներն էլ ավելի։

«Էլ ավելի վատացնել գրեթե անհնար է, հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակում։ Իսկ հետո արդեն կախված կլինի ԱՄՆ հաջորդ ղեկավարությունից։ Նախագահ Պուտինը քանցիս կրկնել է, որ բաց է կառուցողական երկխոսության համար՝ հիմնված արդարության, իրավահավասարության եւ միմյանց մտահոգությունները հաշվի առնելու վրա։ Եվ նախագահ Պուտինը պահպանում է իր այս տրամադրվածությունը։ Նա դա բազմիցս հաստատել է։ Ներկա պահին ԱՄՆ վարչակազմում տրամադրված են տրամագծորեն հակառակ կերպով։ Ինչ կլինի հունվարին՝ կտեսնենք»,- ասել է Պեսկովը։

Ընդհանուր առմամբ ընտրությունները, նշել է նա, Միացյալ Նահանգների ներքին գործն են։ «Մենք, հասկանալի է, ուշադիր հետեւում ենք տեղեկատվության հոսքին, որն այդ հաշվով գալիս է օվկիանոսի այն կողմից, մենք վերլուծում ենք խոսքերը, որոնք ասվում են եւ, իհարկե, գլխավորապես եզրակացություններ կանենք ըստ այն հայտարարությունների, թեմաների, որոնք գտնվում են մեր օրակարգում, երբ դրանք ստացվեն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Բացի այդ, եզակացությունները կարվեն նաեւ ըստ առաջին կոնկրետ քայլերի, ավելացրել է Պեսկովը։