Պերուի նախկին նախագահին եւ նախկին առաջին տիկն...

Պերուի նախկին նախագահ Օլյանտա Հումալան մեղավոր է ճանաչվել փողերի լվացման մեջ եւ դատապարտվել 15 տարվա ազատազրկման, հայտնել է BBC News-ը։ Մայրաքաղաք Լիմայի դատարանը վճռել է, որ Հումալան ապօրինի միջոցներ է ընդունել բրազիլական Odebrecht շինարարական ընկերությունից՝ 2006 եւ 2011թթ. իր նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար: Նրա կինը՝ Նադին Էրեդիան, որը Հումալայի հետ միասին հիմնել է Ազգայնական կուսակցությունը, նույնպես մեղավոր է ճանաչվել փողերի լվացման մեջ եւ դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ Էրեդիան ապաստան է ստացել Բրազիլիայում եւ ապահով ճանապարհ կունենա որդու հետ այնտեղ մեկնելու համար, հայտնել են Պերուի արտաքին գործերի նախարարությունից:Դատախազները խնդրել էին Հումալային դատապարտել 20, իսկ Էրեդիային՝ 26,5 տարվա ազատազրկման։Ավելի քան երեք տարի տեւած դատավարությունից հետո դատարանը երեքշաբթի հրապարակել է իր երկար սպասված վճիռը։Հումալան անձամբ է ներկա գտնվել դատավճռի կայացմանը, իսկ կինը լսել է տեսահոլովակի միջոցով։62-ամյա նախկին նախագահն ու նրա կինը հերքել են իրենց մեղքը: Հումալան՝ նախկին բանակի սպա, որը կռվել է մաոիստական ​​«Փայլող ուղու» ապստամբների դեմ, առաջին անգամ հայտնի է դարձել 2000թ., երբ ղեկավարել է կարճատեւ ռազմական ապստամբությունն այն ժամանակվա նախագահ Ալբերտո Ֆուհիմորիի դեմ: 2006թ. նա առաջադրվել է նախագահի թեկնածու։ Նա դաշնակցել է Վենեսուելայի այն ժամանակվա նախագահ Ուգո Չավեսի հետ, եւ դատախազները պնդում էին, որ Հումալան ապօրինի միջոցներ է ընդունել Չավեսից՝ իր քարոզարշավը ֆինանսավորելու համար: Նախագահի մրցակից Ալան Գարսիան օգտագործել է Հումալայի սերտ կապերը Չավեսի հետ նրա վրա հարձակվելու համար՝ զգուշացնելով ընտրողներին «թույլ չտալ, որ Պերուն դառնա մեկ այլ Վենեսուելա»: 2011թ. Հումալան կրկին առաջադրվել է նախագահի պաշտոնում, այս անգամ ավելի չափավոր հարթակում:Նա հայտնել է, որ Վենեսուելայում Չավեսի սոցիալիստական ​​հեղափոխությունը ընդօրինակելու փոխարեն, նա իր քաղաքականությունը մոդելավորելու է Բրազիլիայի այն ժամանակվա նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի քաղաքականության հիման վրա:Նրա մոտեցումը հաջող էր, եւ նա հաղթել է իր աջակողմյան մրցակցին՝ Կեյկո Ֆուհիմորիին։Սակայն նրա նախագահության սկզբում բռնի սոցիալական հակամարտությունները արագ խաթարեցին նրա ժողովրդականությունը:Նրա իրավական խնդիրներն սկսվել են 2016թ. իր լիազորությունների ավարտից անմիջապես հետո:Այդ ժամանակ էլ բրազիլական շինարարական հսկա Odebrecht-ը խոստովանել է, որ հարյուր միլիոնավոր դոլարների կաշառք է վճարել պետական ​​պաշտոնյաներին եւ քաղաքական կուսակցություններին ամբողջ Լատինական Ամերիկայում գործնական պատվերներ ստանալու համար: