«Հետք»-ը գրում է. «Հարկային մարմինը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն` Արգամ Աբրահամյանին և եղբորորդուն՝ Հովհաննես Աբրահամյանին պատկանող «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ի համար մոտ 1 մլրդ 236 մլն դրամի պարտավորություն է սահմանել՝ առանց ծանուցման գործունեություն իրականացնելու համար: Սակայն դատարանում չի կարողացել հիմնավորել, որ պահանջը հիմնավոր է և օրինական: Վարչական դատարանը բավարարել է ընկերության հայցը և վերացրել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) որոշումը: Ընկերության օգտին է որոշել նաև Վերաքննիչ դատարանը: Գործն այժմ Վճռաբեկ դատարանում է:
ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից 2020թ. հունիսի 26-ին «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ի դեմ կազմվել է արձանագրություն: Վերջինիս համաձայն՝ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը կոնյակի սպիրտի ներմուծման մասով, ինչպես նաև խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն և մինչև 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի և 100 հազար լիտրը գերազանցող խմբաքանակների իրացման մասով Էկոնոմիկայի նախարարություն չի ներկայացրել ծանուցումներ։ Այդ գործունեությամբ զբաղվելու համար օրենքը նախատեսում է պարտադիր ծանուցում, ինչն էլ նշանակում է հավելյալ գումարների վճարում:
Արձանագրության հիման վրա հարուցվել է վարչական վարույթ։ Ընկերության կողմից ներկայացվել են առարկություններ և դիրքորոշումներ, որոնք սակայն հաշվի չեն առնվել վարչական մարմնի կողմից։ 2020թ. օգոստոսի 7-ին «Արտաշատ Վինկոն» ընկերության դեմ որոշում է կայացվել, որով կրկին արձանագրվել են վերը նշված խախտումները։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին մեկ տարված ընթացքում խախտումը կատարվել է առաջին անգամ, «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակվել է 1 մլրդ 123 մլն 608 հզր դրամ տուգանք և 112 մլն 361 հզր դրամ՝ վնասի հատուցում:
Վարչական ակտը վերադասության կարգով բողոքարկվել է ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողով։ Վերջինս առաջադրված տուգանքի մասով բողոքը մասնակի բավարարել է՝ ընդհանուր մոտ 1 մլրդ 236 մլն դրամից 974 մլն դրամի չափով առաջադրված տուգանքը նվազեցրել է։
«Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ն, դժգոհ մնալով այս որոշումից, դիմել է Վարչական դատարան նաև այն հիմնավորմամբ, որ ընկերությունը չէր կարող նշված ապրանքների մասով իրականացնել գործունեության ծանուցում, քանի որ հայտնի չէր և օրենսդրորեն սահմանված չէր այն պետական լիազոր մարմինը, որին պետք է ուղղված լիներ ծանուցումը։
Մանրամասը տես այստեղ



