ՊԵԿ նախագահը պարզաբանել է պարտադիր հայտարարագ...

Հայտարարագրի համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չհարկվող եկամտի 300 հազար դրամի շեմը կփոխվի, թե ոչ, պարզ կդառնա նոր օրինագծով։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 10–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Անդրադառնալով վարկերի և ապառիկների վերաբերյալ տեղեկատվության արտացոլմանը հայտարարագրում, Հակոբյանը նշեց, որ դրանց լրացնելը պարտադիր չէ. բանկային տվյալների մեջ առավել կարևոր է ավանդների կամ առևտրի դիմաց ստացվող եկամտի մասին տեղեկատվությունը։

«Ինչ վերաբերում է այդ տվյալներին, օրինակ, բանկային տվյալներ, վարկեր, ապառիկներ, ապա դրանց հասանելիության հարց չկա։ Ավելի շատ մենք խոսում էինք օրինակ ավանդների կամ արժեթղթերի դիմաց ստացվող եկամուտներից, և սրա մասով նույնպես իմ ասած բարեփոխումների շրջանակներում նախատեսում ենք հետևյալը, որ բանկերից տվյալները ուղիղ մենք կստանանք, բայց պայմանով, որ տվյալ հայտարարագիր ներկայացնողը իր համաձայնությունը տալիս է համակարգում։

Այսինքն ոչ թե մենք պարզապես ինքներս բանկերից վերցնում ենք, այլ միայն համաձայնության դեպքում բանկը արդեն հստակ հաշվարկած իր եկամուտները, օրինակ իր ավանդներից, ավտոմատ կերպով փոխանցելու է պետական եկամուտների կոմիտեն և այդ հարթակում ավտոմատ կերպով լրացվելու է։

Հիշեցնենք, որ ԱԺ–ն 2025–ի հոկտեմբերին փոփոխություններ կատարեց «Հարկային օրենսգրքում», որոնք պարզեցնում են պարտադիր հայտարարագրումը։ Այսպիսով, ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերն ու փոխառությունները չեն ներառվի հայտարարագրման պարտադիր դաշտերի մեջ։ Ընտանիքի անդամների (մայր, որդի, քույր, եղբայր, տատիկ, պապիկ) միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի, դրանք հարկման ենթակա չեն։