ՊԵԿ նախագահը Բրյուսելում մասնակցել է Համաշխար...

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի 145-րդ և 146-րդ նստաշրջաններին։ Այս մասին  տեղեկացնում է ՊԵԿ-ը:

Նստաշրջանների ընթացքում քննարկվել են ՀՄԿ տեխնիկական հարցերով կոմիտեների, ինչպես նաև աուդիտի և ֆինանսական կոմիտեների ու քաղաքականության հանձնաժողովի տարեկան հաշվետվությունները, որոնք հաստատվել են ՀՄԿ խորհրդի կողմից։ Քննարկվել են նաև ՀՄԿ ընթացիկ ֆինանսական տարում ՀՄԿ ռազմավարական պլանի կատարողականը և հիմնական ուղղությունները, ինչպես նաև հաստատվել է հաջորդ ֆինանսական տարվա ռազմավարական պլանը։

Հանդիպմանը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդես է եկել ելույթներով՝ ընդգծելով ՀՄԿ տեխնիկական աջակցության կարևորությունը՝ մաքսային գործառնությունների կատարելագործման, մաքսային բարեփոխումների առաջնահերթությունների նախանշման, կարողությունների զարգացման և լավագույն փորձի տեղայնացման առումով։

Այցի շրջանակում տեղի են ունեցել նաև հանդիպումներ Եվրահանձնաժողովի հարկման և մաքսային միության գլխավոր վարչության  (DG TAXUD), ընդլայնման և արևելյան հարևանության գլխավոր վարչության (DG ENEST) ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող հնարավոր տեխնիկական ու ֆինանսական աջակցության ծրագրերին։