ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ բաց տեքստով ասաց, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի համակուրսեցի Օպերի Արմենը կրկին նշանակվել է օպերի պետ, և ծանոթ-բարեկամ սկզբունքով նշանակումներ է անում։ Պատգամավորը կոչ արեց ՊԵԿ նախագահին վերջ դնել, որովհետև նոր Հայաստանում լրիվ այլ իրականություն է․«Այս ելույթս կարող է հնչի, որ Սոֆիա Հովսեփյանը դեռ քաղաքացիական ակտիվության վիճակից դուրս չի եկել, բայց, քավ լիցի, ժամանակ առ ժամանակ ստիպված եմ վերադառնալ։ Օրեր շարունակ անընդհատ ստանալով դիմումներ նույն ոլորտին վերաբերող և անընդհատ բողոքներ նույն պահանջով, ստիպված եմ լինում բողոքներից մեկը հրապարակել, որը վերաբերում է ՊԵԿ-ում մրցույթներին և որը կարծես թե անցկացվում է նորմավորված ձևով, սակայն Շիրակի մարզում նշանակումները կրկին լինում են ծանոթ-բարեկամի միջոցով։ Ստացել եմ մեկ նամակ, որը ստիպված եմ հրապարակել։
Արմեն Հակոբյան, որին Շիրակի մարզում ճանաչում են որպես Օպերի Արմեն, որը եղել է հարկայինի նախկին աշխատող, աշխատանքի ընթացքում ձեռք է բերել մեծ բիզնեսներ, և այդ բիզնեսների ժամանակ իրեն բացարձակ ճանաչել են և ճանաչում եմ որպես հարկերից խուսափող հարկայինի աշխատող։ Եվ այս մարդը այսօր՝ 2019 թվականին, նորից Շիրակի մարզում օպերի պետ է նշանակվել, ով որ հենց Դավիթ Անանյանի համակուրսեցին է։ Ես դիմումով դիմել եմ ՊԵԿ-ին ՝ պարզաբանում ստանալու, և յուրաքանչյուր պարզաբանում հերթական «լոլոներն » է եղել, թե ընթացակարգով է տեղի ունեցել, ինչը ինձ ստիպեց այսօր այս նամակը հրապարակելու և պարոն Անանյանին տեղեկացնելու, որ եթե վստահելի անձի է նշանակել օպերի պետ, ապա բացարձակ վստահելի չէ, որովհետև Օպերի Արմեն կոչվածը այնտեղ նշանակումներ է անում բացարձակ ոչ թե մրցույթները հաղթահարած անձանց, այլ այն անձանց, ում որ ինքը համարում է իր ծանոթը կամ բարեկամը։
Եվ տեղի է ունենում մի վիճակ, որ հունվար ամսին մրցույթները հաղթահարում են շատ մարդիկ, որոնցից որևէ մեկը չի նշանակվում, այլ նշանակվում են պատահական անձինք, ովքեր հենց այդ մարդու «դաբրոյով» են հասել էդտեղ։
Շատ ցավալի վիճակ է։ Եթե մենք գնում ենք դեպի երկրի բարելավմանը, ապա այս ոլորտում նշանակել պատահական անձանց, որոնք ուղղակիորեն կծառայեն Օպերի Արմենին, սա մեզ համար շատ լուրջ խնդիր է, և ես ուղղակի կոչ եմ անում պարոն Անանյանին, որ եթե տեղյակ չէ, ապա թող ուշադիր լինի և տեղյակ լինի, թե ինչ է կատարվում Շիրակի մարզի այս ոլորտում, իսկ եթե տեղյակ է, ապա խորհուրդ եմ տալիս ուղղակի վերջ դնել, որովհետև մենք այլևս այլ իրականության մեջ ենք»,- ասաց պատգամավորը։



