Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին....

«Փաստ» թերթը գրում է. «Անցած կիրակի Նիկոլ Փաշինյանը Գյումրու Վարդանանց հրապարակում որոշել էր «արհեստների ու արվեստների» քաղաքին զարմացնել իր, այսպես կոչված, «Վարչաբենդի» ելույթով: Ու որպեսզի վաղուց իրեն մերժած Գյումրիում ինչ-որ տպավորություն թողներ, որքան ակտիվ քպական ուներ՝ ամենատարբեր մարզերից, մոբիլիզացրել էր, գումարած՝ քպական պաշտոնյաները, իրավապահ համակարգի հայուրավոր ներկայացուցիչները, ու մի ավտոշարասյուն կազմած՝ գնացել էր Գյումրի:

Բայց դա էլ չօգնեց: Մարդիկ նայում էին այդ «վարչապետական համերգի» կադրերը և, խոշորացույցը վերցրած, փորձում էին հանդիսատեսի շարքերում գյումրեցիներ գտնել: Կային, բայց շատ քիչ. հիմնականում էկրանային ու ոչ այնքան հայտնի, բերովի քպականներն էին:

Ի դեպ, շատերը նկատեցին, որ «Քաղաքի օրվա» առթիվ անցյալ տարվա հոկտեմբերին, երբ բարերար Սամվել Կարապետյանի հովանավորությամբ համերգ էր կազմակերպվել Գյումրու կենտրոնական հրապարակում, անհամեմատելի մարդաշատ էր: Ոչ բերովի, այլ իրական մարդաշատություն էր:

Իսկ Փաշինյանի «համերգին» ընդամենն իր հետ եկած մի քանի հարյուր «գաստրալ յորներն» էին, գումարած՝ տեղական ակտիվի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ: Մի խոսքով, պատվախնդիր գյումրեցիները կրկին մերժեցին Նիկոլ Փաշինյանին: Նա և իր ՔՊ-ն հերթական անգամ պարտվեցին Գյումրիում և, խոր հիասթափությունը չթաքցնելով, նորից ստիպված եղան Հայրաքաղաքից ձեռնունայն վերադառնալ Երևան: