Պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ն համատեղ զենք...

Եվրահանձնաժողովն առաջին անգամ հաստատել է ԵՄ անդամ երկրների կողմից զենքի, մասնավորապես հրթիռների և զինամթերքի համատեղ գնումների ֆինանսավորումը։ Դրանց մի մասը կուղղվեն օգնելու Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվեց, Համատեղ գնումների միջոցով պաշտպանական արդյունաբերության հզորացման եվրոպական գործիքի (EDIRPA) շրջանակներում իրականացվող հինգ ծրագրեր ԵՄ ֆինանսավորում կստանան: Դրանցից յուրաքանչյուրը ԵՄ-ից կստանա 60 միլիոն եվրո աջակցություն։

Ծրագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 11 միլիարդ եվրոն։ Դրանց մասնակցում են ԵՄ անդամ 20 երկրներ։

Երկու նախագիծ վերաբերում է Mistral և IRIS-T SLM հակաօդային պաշտպանության համակարգերի, երկուսը՝ 155 մմ տրամաչափի զինամթերքի, ևս մեկը՝ զրահափոխադրիչների համատեղ գնմանը։

Եվրահանձնաժողովը նշել է, որ ընտրված նախագծերի մեծ մասը ներառում է նաև Ուկրաինայի համար նախատեսված պաշտպանական արտադրանքի գնում։ Մասնավորապես, Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան ստանալ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև զինամթերք։