«Պատիվ ունեմ»-ը Փաշինյանի գործողությունների դ...

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Իշխանություն-եկեղեցի հակա­մարտության հրադադարի փուլում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարության նախագիծ է ներկայացրել խորհրդարան՝ առաջարկելով օրենսդիր մարմնին՝ դատապարտող հայտարարություն ընդունել Եկեղեցու եւ հոգեւորականության դեմ տարվող քաղաքականության վերաբերյալ։ Մի քանի էջանոց հայտարարության նախագծում մասնավորապես առաջարկում են արձանագրել․ «Պետություն-կրոնական կազմակերպություններ հարաբերություններում հիմնարար են չմիջամտելու սկզբունքը, խղճի ու կրոնի ազատության երաշխիքները եւ կրոնական համայնքների ինքնավարության ապահովումը»։ Ինչպես նաեւ արձանագրել, որ անթույլատրելի է եկեղեցական ծեսերի իրականացմանը պետական միջամտությունը, այդ թվում՝ Վեհափառի անվան հիշատակումը զեղչելը, հոգեւոր իրավիճակին եւ ներքին կարգապահական որոշումներին վերաբերող վեճերի դատական քննությունը եւ այլն։ Տեքստում նշված է նաեւ, որ հայտարարությունը չի հանդիսանում որեւէ անձին ուղղված աջակցություն եւ չի բովանդակում դավանաբանական գնահատականներ։ Այն միտված է Սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների պահպանմանը, իրավական որոշակիության ապահովմանը, ինչպես նաեւ՝ պետության եւ կրոնական կազմակերպությունների իրավասության սահմանազատման հստակեցմանը։ Հայտարարության նախագիծը խորհրդարանում կներկայացնի խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։