Հայաստանում թմրամիջոցների տարածման համար նախատեսված պատժաչափը պետք է էապես խստացվի։ Այս մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովի նիստում՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարել է օրենսդրական նախաձեռնության հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Նա, մասնավորապես, վկայակոչել է թմրամիջոցների տարածման դեպքերի աճը և միջազգային փորձը։ Պատգամավորը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ 2023 թվականին Հայաստանի իրավապահ մարմինները հայտնաբերել են թմրամիջոցների հետ կապված 5070 դեպք, մինչդեռ 2022 թվականին այդ ցուցանիշը եղել է 2266։ Ընդ որում, 2023 թվականի դեպքերից ավելի քան 2800-ը կապված են եղել թմրամիջոցների ապօրինի վաճառքի հետ։ Այս համատեքստում նա առաջարկել է թմրամիջոցների տարածման ժամանակ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դիտարկել որպես ծանրացուցիչ հանգամանք։
Սարգսյանն առաջարկել է նաև խստացնել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց նմանակների ապօրինի շրջանառության համար նախատեսված պատժաչափը՝ ներկայիս 3-6 տարվա փոխարեն սահմանելով 5-8 տարի ազատազրկում։ Այն դեպքերում, երբ նույն արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, խոշոր չափերով, զվարճանքի վայրերում, քրեակատարողական հիմնարկներում, զորամասերում, ուսումնական հաստատություններում կամ դրանց հարող տարածքներում, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ (որը հեղինակի առաջարկած նոր կետն է), պատգամավորն առաջարկում է սահմանել 8-ից 12 տարի ժամկետով պատիժ՝ գործող 4-8 տարվա փոխարեն։
Պատգամավորն առաջարկել է առավել խիստ պատիժ սահմանել այն դեպքերի համար, երբ նույն արարքը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ առանձնապես խոշոր չափերով՝ անչափահասի ներգրավմամբ։ Նման պարագայում առաջարկվում է սահմանել 14 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն՝ ներկայիս 6-12 տարվա փոխարեն։
Բացի այդ, Սարգսյանն առաջարկել է խստացնել պատիժը նաև թմրամիջոցների այնպիսի շրջանառության համար, որը վաճառքի նպատակ չի հետապնդում։
Արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանն իր հերթին նշել է, որ Կառավարությունը միանշանակ կողմ է նոր ծանրացուցիչ հանգամանքների ներդրմանը, մասնավորապես՝ անչափահասների ներգրավմանն ու տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը։ Սակայն, ինչ վերաբերում է պատժաչափերի երկարաձգմանը, Կառավարությունում կարծում են, որ դա կհակասի գործող Սահմանադրությամբ նախատեսված քրեական արդարադատության համաչափության սկզբունքներին։ Ըստ պաշտոնյայի՝ սա ամենևին չի նշանակում, թե գործադիրը խոչընդոտում է թմրամիջոցների դեմ պայքարին. պարզապես իշխանությունների համոզմամբ՝ միայն պատժաչափերի ավելացումն այնքան էլ արդյունավետ չի լինի։



