«Փաստ» օրաթերթը գրում է․ «Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման մասին կառավարության որոշման նախագիծը: Քաղաքացիների համար մատչելի և որակյալ հանգստի կազմակերպման անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ առաջարկվում է ստեղծել և կահավորել չորս նոր հանրային լողափ` Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։
Արդյունքում նախատեսվում է ունենալ կահավորված, գրավիչ ծառայություններ մատուցող նոր հանրային լողափեր Սևանա լճի առափնյա չորս տարբեր հատվածներում, ինչպես նաև լճի ափին հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն, անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարարական ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ, աղբահանության պատշաճ կազմակերպում և մաքրման կայանների առկայություն, ենթադրվում են նաև հեռանկարային ներդրումային ծրագրեր և հավել յալ աշխատատեղերի ստեղծում:
Նախարարությունն ընդգծում է, որ նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ստեղծել մատչելի և որակյալ հանգստի պայմաններ: Նախագծի ընդունմամբ պետբյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություններ չեն սպասվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



