«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս տարեսկզբին կառավարությունը հաստատեց մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը, մասնավորաբար` պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսը սուբսիդավորելու էր պետությունը: Դեռ ծրագրի մեկնարկին «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը մտահոգություն էր հայտնել, որ հերթական անգամ գյուղացին ստիպված է միջնորդավորված ձևով պարարտանյութ ձեռք բերել, մինչդեռ պետությունը պետք է ներկրեր այն և առանց միջնորդ կազմակերպությունների ու անհատների տրամադրեր գյուղացուն:
Մամուլի հրապարակումներին արձագանքեց էկոնոմիկայի նախարարությունը` նշելով, որ «վերջին օրերին տարածվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը ու հետապնդում են հանրությանը շփոթեցնելու և մոլորեցնելու նպատակ: Ծրագիրն ընթանում է բնականոն հունով»։ Ի դեպ, նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրված այս հայտարարության մեկնաբանությունների բաժնում մարդիկ իրենց դժգոհությունը ևս արտահայտել են` «պարարտանյութը տեղ չի հասել», «գինը թանկացել է» և այլն:
Խնդրի վերաբերյալ «Փաստը» զրուցեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի հետ: Նա նշում է` զարմանում է, որ «լրատվականներին խեղդելով, ժողովրդի ձայնը չլսելով կամ արհամարհելով»՝ փորձում են ստեղծել հանգիստ մի վիճակ, որ կարծես մեր հանրապետությունում ոչինչ չի կատարվում: «Կատարվում է գյուղացու թալան: Մի խումբ դեղնակտուցներ սկսել են փող աշխատել, պարզվում է, որ սրանց ախորժակն ավելի մեծ է: Ո ՞րն էր այս ծրագրի թերությունը: Էկոնոմիկայի նախարարությունն ընտրեց քսանից ավելի կազմակերպություն, որոնք պետք է իրականացնեին ներկրումները և սուբսիդավորման գործընթացը: Ինչո ՞ւ այդպես վարվեց: Պարոն Փաշինյանին պետք է հարցադրում անել` ինչո՞վ են զբաղված քո նախարարները, այդ ինչպե՞ս ստացվեց, որ 17 հազար դրամից պարարտանյութի գինն անմիջապես դարձավ 24 հազար: Կազմակերպությունների մասով: Կարծում եմ` նախարարությունը դրանց գրանցումը կատարել է ինչ-որ ցուցանիշներից ելնելով: Բայց եթե ցուցանիշներին նայենք, ապա կազմակերպություններ կան, որոնք, օրինակ` այս տարի են գրանցվել, դրանք կասկածելի են, իրենց գործունեությունն անհայտ է: Դրանց մեծամասնությունը երբևէ պարարտանյութ չի ներկրել, չգիտի` կալիումական ու ազոտական պարարտանյութերն ինչո՞վ են իրարից տարբերվում: Սա արել է էկոնոմիկայի նախարարությունը: Բացի դա, եթե կառավարությունը 9000 դրամով սուբսիդավորում է պարարտանյութը, այդ օրը, երբ կազմվում էր ցուցակը, պարարտանյութի արժեքը 16-17 հազար դրամ էր, սուբիսիդավորումից 1-2 օր հետո ինչպե՞ս դարձավ 22-24 հազար դրամ: Նույնիսկ սուբսիդավորման պարագայում այն թանկ է, մասսայական թալան է գնում»,-ասում է Բերբերյանը:
Ընդգծում է` զուգադիպությունների չի հավատում, մեր երկրում շատ հետաքրքիր բաներ են կատարվում, բացատրությունը վերջում կիմանանք: «Մի տարի արհեստական երաշտ է լինում, մի տարի պարարտանյութն է թալանվում, մի տարի մորմազգու ցեցն է հայտնվում, մեր բերքը փչացնում: Արդյո՞ք սա մտածված դիվերսիա չէ մեր երկրի նկատմամբ, և մեր թշնամին մեր երկրի ներսո՞ւմ չէ»,-նշում է մեր զրուցակիցը:
Հիշեցնում է` անցած տարի ձախողեցին գարու սուբսիդավորման ծրագիրը, ներկրված սերմի բավականին մեծ քանակը չծլեց: «Հիմա նույնը պարարտանյութի պարագում է: Վրացական անորակ պարարտանյութ են ներկրում: Դեղնակտուցները, որոնք «պառլամենտներում» են նստած, չգիտես, թե որտեղ են քաշ գալիս, պաշտոններ զբաղեցնում, հիմա էլ այս բիզնեսով են ցանկանում զբաղվել: Դատախազությունը նաև պետք է ուսումնասիրի հարցը, թե ովքեր են ժողովրդից գումար հավաքել և պարարտանյութ չեն մատակարարել: Նման մի դեպք ունեցել ենք Սերժ Ազատիչի ժամանակ: Էջմիածնի տարածաշրջանում մի անհատ ֆերմեր գումար էր հավաքել, որ պարարտանյութ բերեր, ներկրել էր, ինչից հետո գինն արհեստականորեն բարձրացրել էր:
Ժողովուրդը բողոքեց, և ներկրողը շատ լուրջ խնդիրներ ունեցավ, պատժվեց: Հիմա էլ` եթե գումարները հավաքել են և նշված գնով պարարտանյութ չեն ապահովել գյուղացուն, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Ներկրում են, ավելի բարձր գնով ցանկանում վաճառել, գյուղացին էլ հրաժարվում է: Մեկնարկային գումար չունեին, գյուղացուց հավաքել են, ներկրել, հիմա էլ ուզում են ավելի մեծ շահույթ ունենալ: Բնական թալան է»,հավելում է մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



