Պաշտպանության նախկին փոխնախարար. ՀՀ նախագահի...

ատերազմի ընթացքում Հայաստանի նախագահի պասիվ պահվածքը հարցեր է հարուցում: Այս մասին մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նրա կարծիքով` որեւէ այլ նախագահ ոչ մի խորհրդարանական երկրում իրեն այդպես չէր պահի:

Ընդդիմադիրը նշեց, որ մարտերը բանակներն են վարում, իսկ պատերազմը` պետությունները. հայկական կողմի դեպքում բանակն արեց առավելագույնը, սակայն դրա հետեւում չկային պետություն, դիվանագիտություն, սոցիալական կամ տնտեսական աջակցություն: «Փոխարենը վարչապետը պատերազմի ժամանակ 50 հակասական հայտարարություն արեց, եւ դրան զուգահեռ աննպատակ վատնեց համահայկական ռեսուրսը»,- շեշտեց Զաքարյանը:

Նախկին պաշտոնյան պարզաբանեց, որ ինքը միշտ լուրջ է վերաբերվել նախագահի ինստիտուտին, որը հենց ճգնաժամային պայմաններում է սկսում գործել իրավիճակի կարգավորման տեսանկյունից, բայց նախագահին այսօր ոչ ոք չի վստահում, քանի որ նա ոչնչի չհանգեցնող մաքոքային քաղաքական առեւտրով է զբաղված: «Հիմա Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ հանուն պետության եւ անհրաժեշտության կարելի է նույնիսկ պաշտոնական լիազորությունների չարաշահման գնալ»,- հավելեց Արտակ Զաքարյանը:

Նա չբացառեց, որ, այնուամենայնիվ, կարող է նախագահի հետ միջնորդական բանակցություններ վարելու անհրաժեշտություն առաջանալ, սակայն ընդդիմությունը նման որոշում դեռ չի կայացրել: