ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ օգոստոսի 31–ին, ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:
Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Սուրեն Պապիկյանը կարեւորել է Սերբիայի հետ փոխգործակցությունը, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտում: Դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, իր հերթին, հաստատել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման սերբական կողմի պատրաստակամությունը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում` Կոսովոյի շուրջ տեղի ունեցող զարգացումների, Հայաստանի սահմանամերձ շրջաններում եւ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ: