Սահմանին իրավիճակը նույնն է, կրակոցներ են լինում սահմանի հակառակ կողմից, բայց ոչ թիրախավորված։ Այսօր լրագրողների հետ ճեպազրուցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը՝ թե իր նյույորքյան հայտարարությունը բավական սուր է ընկալվել Ադրբեջանում, նա նշեց. «Այն ինչ ասել ենք՝ շարունակելու ենք անել»։ Նախարարը նաև ներկայացրեց Մոսկովյան այցի որոշ մանրամասներ՝ նա նշեց, որ մինչև տարեվերջ, նաև հաջորդ տարի տարբեր զինատեսակների մատակարարումները կշարունակվեն։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե բեսպրիդելը բանակում ինչու չի վերանում, մասնավորապես, դրա վառ օրինակը Մեղրիի դեպքերն էին՝ նախարարը նշեց, որ ՀՀ ԶՈՒ այդ ու մյուս դեպքերում իրականացվում են ծառայողական քննություններ, համապատասխան մարմինների կողմից քննություն է իրականացվոմ։ «Դրանց որոշ մասն ավարտված է, որոշները շարունակվում են։ Տարբեր էպիզոդներ են և մեղավորները կպատժվեն։ Դրանց արդյունքների մասին մանրամասն ավելի ուշ կներկայացվի»։ Ինչ վերաբերում է Մարտակերտում սպայի կողմից զինծառայողի բռնաբարության դեպքին նա ասաց, որ զինված ուժերը առողջ օրգանիզմ է ու երբ միկրոբներ ու բացիլներ են լինում՝ բոլորն այդ մասին իմանում են, հենց որովհետև ԶՈՒ-ն առողջ օրգանիզմ է։ Լինում են նման դեպքեր, ինչպես բանակում, այնպես էլ դրանից դուրս։ Դեպքը նորմալ չի։ Երբ ես պատրաստ լինեմ դեպքի մասին խոսելու՝ պատշաճ ձևով կանդրադառնամ խնդրին»։



