Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները։
Հայաստանը նիստին չի մասնակցում։
Բիշքեկում արդեն կայացել է ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որի մասնակիցները ստորագրել են 10 փաստաթուղթ:
Ռուսաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ընդունված փաստաթղթերի մի մասն ուղղված է ՀԱՊԿ ուժային կարողությունների ամրապնդմանը։
2026 թվականին ՀԱՊԿ-ի նախագահությունը Ղրղզստանից անցնելու է Ռուսաստանին։ Հունվարի 1-ից կառույցը նաև կունենա նոր գլխավոր քարտուղար․ այդ պաշտոնը զբաղեցնելու է ներկայում ՀԱՊԿ ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ղրղզստանի ներկայացուցիչ Թաալաթբեկ Մասադիկովը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանն այդ օրվանից չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին և չի վճարում անդամավճարը։



