
Հայաստանի և Իրանի միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն երկու կողմի համար ունի կենսական նշանակություն:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ու Փեզեշքիանը հանգամանալից քննարկել են տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից են:
Այդ հարցում ՀՀ պատկերացումներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը, ինչպես նկատեց ՀՀ վարչապետը, բազմիցս բարձր մակարդակով ողջունվել է բարեկամ Իրանի ներկայացուցիչների կողմից:
«Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ: Հայաստանի և Իրանի համար մեր պետությունների միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն»,-ասաց Փաշինյանը:
Վերոնշյալի համատեքստում ՀՀ վարչապետն Իրանի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի մանրամասները:
Փաշինյանը շեշտեց՝ այս գործընթացը միտված է մեծ հեռանկարներ բացելու ամբողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման համար:
«Ես ուրախ եմ և շնորհակալ նախագահ Փեզեշքիանին այս համաձայնությունների մասին իր օբյեկտիվ գնահատականների համար: Ադրբեջանի հետ մեր առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման մասին է՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար փոխադարձ հարգանքով: Գործնականում սա նոր դռներ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան–Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային հասանելիություն դեպի Հայաստան և ի վերջո դեպի Սև ծով»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց՝ սա ամբողջությամբ համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Հայաստանը վստահ է, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է ծառայի իր տարբեր գործընկերների միջև երկխոսության խթանմանը:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես ՀՀ իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է Հայաստանը և ոչ թե որևէ երրորդ երկիր»,–վստահեցրեց վարչապետը: