Հայաստանում շարունակվում են քննարկումները՝ ԳՇ պետի պաշտոնին Արտակ Դավթյանի՝ զոռբայությամբ անցկացնելու հետ կապված։ Հիմնական ուշադրությունը դարձվում է այն հարցին, թե որքանով է օրինական Դավթյանի նշանակումը եւ արդյոք հերթական անգամ իշխանությունը չի խախտել Սահմանադրությունը։ Սակայն իրավական հարցերից զատ, պակաս կարեւոր չէ նաեւ այս նշանակման քաղաքական բաղադրիչին անդրադառնալը։
Մենք արդեն բազմիցս գրել ենք այն մասին, որ իշխանության ներսում, հետպատերազմական ծանր վիճակից օգտվելով, եղած թայֆաներին սկսել են նորերը ավելանալ։ Մենք մանրամասնորեն ներկայացրել ենք նմանատիպ նորահայտ «թայֆայի» կազմակերպիչ եւ «լիդեր», հայաստանյան քաղաքական համակարգի «հին ինտրիգաններից» մեկն համարվող Անդրանիկ Քոչարյանի որոշ գործողություններ, կապված ուժային համակարգում իր մարդկանց նշանակել տալու, իշխանական պառլամենտական ֆրակցիայում իր խմբակը ձեւավորելու եւ այլնի հետ կապված, հիշեցնելով, որ դեռ 99 թվականին Անդրանիկ Քոչարյանը ցույց էր տվել իշխանության հանդեպ ունեցած մարմաջը, գործարք առաջարկելով այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Արտակ Դավթյանի նշանակումը, ըստ էության կարող է նշանակել Անդրանիկ Քոչարյանի՝ ուժային համակարգի հանդեպ ունեցած ազդեցության հակակշռում, հատկապես, որ Արտակ Դավթյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հարաբերություններն առանձնապես փայլուն չեն եւ երկուսն էլ մեկմեկու հասցեին առանձնապես չեն քաշվել կոշտ եւ սուր արտահայտություններով հանդես գալուց։ Մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը Արտակ Դավթյանի մասին ասել է, որ «Արտակ Դավթյանը շատ վատ դերակատարություն է ունեցել 2016թ․ պատերազմում»։
Իսկ Արտակ Դավթյանն էլ Անդրանիկ Քոչարյանի առնչությամբ ասել է․ «Անդրանիկ Քոչարյանն այն անձն է, որն օգնելու փոխարեն մշտապես խանգարել է ԶՈւ-ին»։ «Փառք Աստծո, որ Անդրանիկ Քոչարյանը ՊՆ-ում ավելի բարձր պաշտոն չունեցավ»։ «Որտե՞ղ էր Քոչարյանը պատերազմական այս օրերին, և եթե այդքան հզոր ռազմական գործիչ է, ինչո՞ւ չհայտնվեց պատերազմական թեժ կետերից մեկում»։
«Թող Քոչարյանը մանդատը վայր դնի և հետո խոսի, իհարկե, եթե կկարողանա խոսել։ Իսկ հիմա թող կարծիք չհայտնի զենքերի գնման, ԶՈւ-ի կիրառման մասով, որոնցից գաղափար չունի»։ Այս ամենը նկատի ունենալով, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է լրջորեն կասկածել Անդրանիկ Քոչարյանի հավատարմությանը իրեն եւ թիմին եւ որոշել է այս կերպ սահմանափակել Քոչարյանի դերակատարությունը ուժային համակարգում։ Եվ ավելին․ հարկ եղած դեպքում նաեւ «փակել Անդրանիկ Քոչարյանի օդերը»։
Բանն այն է, որ օրեր առաջ Mediaport տելեգրամյան ալիքը գրեց, որ ԱԱԾ-ն ձերբակալել է «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի եղբորորդուն՝ Գեւորգ Քոչարյանին։ Վերջինս մեղադրվում է խարդախության մեջ։ Ինքնին հասկանալի է, որ ընտրություններին ընդառաջ՝ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին եւ մյուս ուժայիններին հրահանգել է կոմպրոմատներ հավաքել «իմքայլականների» եւ նրանց մերձավորների դեմ։
Փաշինյանը կոմպրոմատները հավաքում է թիմակիցների կողմից վարչապետի այլ թեկնածու առաջադրելու հավանականությունը բացառելու համար։ Սակայն այս տրամաբանությունը հատկապես ուշագրավ է դառնում ու տիպիկ Անդրանիկ Քոչարյանի դեպքում, քանի որ մեր հրապարակումներում մենք գրել էինք, որ վճռական պահին հնարավոր է նա հանդես գա որպես վարչապետի թեկնածու։ Ըստ էության Փաշինյանը որոշել է Անդրանիկ Քոչարյանի «սանձերը ամբողջությամբ իր ձեռքում պահել»՝ հնարավոր «տհաճ անակնկալներից» խուսափելու համար։



