Փաշինյանը վախենում է դատապարտվելուց․ օրինագծի...

Նախօրեին ՀՀ ԱԺ-ն մերժեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի կողմից ներկայացրած «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկել էր Քրեական օրենսգրքում ավելացնել Սահմանադրական կարգի տապալում հոդվածն այն հոդվածների կողքին, որոնց համար վաղեմության ժամկետ չի կիրառվում: Ինչպես հենց Գեւորգ Պետրոսյանն էր երկրորդ անվամբ կնքել՝ «հերթական մերժվածը» մերժվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարագում ընդգրկվել 82 դեմ, 32 կողմ ձայների հարաբերակցությամբ:

Հետաքրքրական է, որ նախագծին բացասական եզրակացություն է տրվել հենց գործադիրի կողմից։ Ընդ որում, կառավարության ներկայացրած հիմնավորումները բավական երերուն են։ Օրինակ, կառավարության եզրակացությունում ասված է, որ եթե նման կարգ սահմանվի, ապա իրավապահ մարմինները չեն կարողանա արդյունավետ քննություն իրականացնել, քանի որ ժամանակի հետ ապացույցները կորցնում են իրենց ապացուցողականությունը, մոռացվում և աղավաղվում է վկաներին հայտնի տեղեկատվությունը:

Իրավաբանները թերեւս ավելի լավ կբացատրեն կառավարության ներկայացրած հիմնավորման ողջ անհուսալիությունը, որպես իրավական միտք, սակայն հետաքրքրական է հարցի քաղաքական կողմը։ Օրինակ անձամբ Նիկոլ Փաշինյանի համար այս հարցը կենսական կարեւորություն պետք է ունենար, քանի որ հենց սահմանադրական կարգի տապալման հոդվածն է նա շահարկում քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար նրանց հանդեպ, որոնք նրա քինախնդրության թիրախում են հայտնվել։ Այսինքն, եթե նա ցուցում տար, որ դրական եզրակացություն տրվի, ապա լրացուցիչ հնարավորություններ կստեղծեր, որ նույնիսկ իրենից հետո էլ սահմանադրական կարգի տապալման հետ կապված գործերը շարունակեն քննվել պատշաճ կերպով, առանց վաղեմության ժամկետի հետ կապված խնդրի։

Հետեւաբար, հարց է առաջանում, թե ինչու է Փաշինյանի կաբինետը բացասական եզրակացություն տվել։ Արդյոք Փաշինյանը չունի մտավախություն, որ այդ հոդվածը եթե ընդունվեր, ապա վաղը մյուս օրը հենց ինքն էլ կարող էր դատվել, հատկապես որ իր իշխանության գալը, արդեն այսօր շատ մասնագետներ որակում են որպես իշխանության զավթում շանտաժի միջոցով եւ սահմանադրական կարգի տապալում։ Ստացվում է, որ Փաշինյանը գուցե ներքուստ համոզված է, որ մի օր սահմանադրական կարգի տապալման ուղտն իր դռանն է չոքելու եւ էս գլխից է ուզում իրեն ապահովագրած լինել։

Իշխանությունները մի հանգամանք հաշվի չեն առել՝ գործող օրենսդրական կարգավորումներով վաղեմության ժամկետը սահամնված է 15 տարի և անգամ այս դեպքում Փաշինյանն ու իր թիմը չեն խուսափի պատասխանատվությունից, քանի որ դժվար է պատկերացնել, որ նրանք կկարողանան 15 տարի պահել իշխանությունը։