
Հայաստանի գործող իշխանությունների համար շանտաժը դարձել է ներքաղաքական հարաբերությունների հիմնական գործիք։ Քրեական գործեր հարուցելու սպառնալիքով նրանք երկու տարվա ընթացքում տարբեր գործիչների հնազանդությունն են ստացել։ Շանտաժը վարչապետ Փաշինյանի համար քաղաքականության հոմանիշն է։
Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է այսօր հանդես գալ սթափ գնահատականներով և ներկայացնել ելքեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել էր տարբեր ոլորտներում կառավարության վարած քաղաքականությանը՝ արձանագրելով, որ տնտեսության բոլոր ճյուղերը ձախողված են: ԲՀԿ նախագահը համախմբման կոչով դիմեց Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին՝ նշելով, որ պատրաստ է անձամբ հանդիպել բոլոր առողջ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, երկրի ապագայով մտահոգ մտավորականների, գործիչների հետ՝ քննարկելու երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իրատեսական ծրագրերը:
Ինչպես ևս սպասելի էր Ծառուկյանի հայտարարությունից կարճ ժամանակ անց հրապարակ եկավ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը և ինչպես և սպասելի էր խոսեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցվելիք քրեական գործերից․ «Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»,– գրել էր նա:
Ակնհայտ է, որ Մանե Գևորգյանի բերանով խոսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այս անգամ էլ փորձում է քրեական գործերի վախի ներքո բանակցությունների տանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
Հ․Գ․ Հետաքրքիր է, որ Փաշինյանի հրահանգով իր թիմի բոլոր անդամները լծվել են հանրությանը համոզելու, որ Ծառուկյանը հանցավոր անցյալ ունի։ Այդ դեպքում հետաքրքիր է իմանալ իրենց կարծիքը, թե ինչու՞ էին 2018-ին համագործակցության հուշագիր կնքում Ծառուկյանի հետ։ Կամ ինչպես համձայնվեցին ԲՀԿ կողմից Փաշինյանին առաջադրել վարչապետի թեկնածու։