Փաշինյանը շնորհավորել է Մարկ Քարնիին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Լիբերալ կուսակցությանն ու կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Մարկ Քարնիին: 

Վարչապետն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: 

«Ջերմորեն շնորհավորում եմ Մարկ Քարնիին և Lիբերալ կուսակցությանը` Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների վրա: Մենք անհամբերությամբ սպասում ենք ամրապնդելու և խորացնելու մեր փոխշահավետ համագործակցությունը»,-նշել է Փաշինյանը:

Կանադայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 28-ին: Ձայների 99,9%-ի հաշվարկի արդյունքներով՝ Կանադայի Լիբերալ կուսակցությունն ընտրություններում ստացել է 169 մանդատ. բացարձակ մեծամասնություն ապահովելու համար անհրաժեշտ է 172 մանդատ։