Փաշինյանը նույնիսկ ռուսական պետական բաժնեմասո...

Ռուսաստանաբնակ հայ մեդիագործիչ Արամ Գաբրելյանովը իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ հայտնի ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների հարցազրույցին, որը հեռարձակվեց երեկ՝ ռուսական «Առաջին ալիքով»։ Ըստ այդմ, Հայաստանի իշխանությունները «հիստերիկ ցնցումների» մեջ են ընկել եւ նույնիսկ զանգել են «Առաջին ալիք»՝ պահանջելով, որպեսզի եթե չհեռարձակվի հաղորդումը, սակայն ստացել են մերժում։

«Հրապարակը» անդրադառնալով այս գրառմանը, իր հերթին նշում է․«Պոզները բազմիցս իր հարցազրույցներում ասել է, որ իր հյուրերի ընտրությունը պետական քաղաքականություն է և ինքը ստիպված համակերպվել է, որ որոշակի մարդկանց երբեք չի կարողանա հրավիրել ու որ ստիպված է հյուրերի ցանկը նախապես հաստատել Կրեմլի հետ»:

Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ հարցազրույցը կոնկրետ ռուսական պետական քաղաքականության արդյունք է, ու եթե դա այդպես է, ու Փաշինյանը նույնիսկ ռուսական պետական բաժնեմասով «Առաջին ալիքում» է հայտնվել «մերժվածի» կարգավիճակում, ապա պետք է սպասել, որ իր էությանը հատուկ ձեռով հակադարձելու է այդ հարցազրույցին։ Բայց ինչպես։

Օրինակ կարող է հարցազրույց տալ թուրքական «TRT Haber» կամ «Haber Global»-ին, կամ էլ ադրբեջանական իշխող կլանի խոսափողներն հանդիսացող Haqqin.az-ին կամ ընդգծված հակահայկականությամբ «բուրող» Caliber ադրբեջանական նախագծին։ Այնտեղ Նիկոլ Փաշինյանին հաստատ ուրախ կլինեն հյուրընկալել։ Մյուս տարբերակով Փաշինյանը Հայաստանում իր «սպասարկուների» միջոցով կհարուցի հակառուսական հիստերիա, որպես դեմարշ։

Սա նույնպես պակաս իրատեսական չէ, հատկապես, որ հակառուսական հիստերիա բարձրացնելու համար, թեկուզ եւ այն լինի «փոթորիկ մի բաժակ ջրում», պատրաստ կանգնած են հայտնի «սորոսականները», որոնց համար միայն թե առիթ լինի «ռուսների դեմ խոսելու», իսկ թե ինչ բովանդակությամբ՝ կարեւոր չէ։