Փաշինյանը կկրակի, եթե վստահ լինի որ կմարսի

Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ ընդդիմադիր պատգամավորի դերի մեջ էր, օր չէր լինում, որ մոտենալով ԱԺ ամբիոնին քննադատությամբ հանդես չգար։ Այն ժամանակներում դա լսվում էր, որովհետեւ մարդիկ ուզում էին լսել քննադատական խոսք, դատապարտում այն օրերին հատուկ արատավոր երեւույթների հանդեպ․ դա կոռուպցիան էր, քրեա-օլիգարխիկ համակարգը, թալանը, հովանավորչությունը, ԽԾԲ-ն եւ այլն։

Այս ամենի մասին Փաշինյանը խոսում էր ամեն օր՝ ԱԺ ամբիոնից շանթեր տեղալով այն ժամանակվա իշխանությունների գլխին։ Երբ Փաշինյանը եկավ իշխանության, հասարակությանը թվաց, թե իդեալական երկիր է կառուցվելու, որովհետեւ ինչ-ինչ, սակայն այն, ինչ դատափետել է նա, դա չի կրկնի։ Սակայն ճակատագրի հեգնանքով, Փաշինյանը քայլ քայլի հետեւից արեց այն ամենը, ինչի դեմ էր խոսում, ինչը ծառայեցնում էր քաղաքական դիվիդենդներ հավաքելու համար։ Հին էլիտային իր օլիգարխներով հանդերձ, փոխարինելու եկավ նոր էլիտան, իր սպասարկու եւ արբանյակ օլիգարխներով, հին ԽԾԲ-ին փոխարինելու եկավ նորը․ եւ արդյունքում Փաշինյանի աներձագը հայտնվեց ԱԺ-ում, դասարանցին դարձավ Ոստիկանապետ, քավոր-սանիկական կապերը ամրապնդվեցին պետական յուղոտ պաշտոններով, նույնիսկ կինը դարձավ երկրի առաջին «ստվերային ասողներից» մեկը։ Երկուս ու կես տարվա ընթացքում կառավարության ընդունած բազմաթիվ որոշումներ կան, որոնք եթե բացենք եւ վերլուծենք կտեսնենք, թե որ որոշման տակ որ նոր օլիգարխին ինչ արտոնություն է տրամադրվում, կամ ինչպիսի շահեր են սպասարկվում, իսկ այդ ամենը ընդհանուր տերմինով կոչվում է հովանավորչություն եւ տեղավորվում կոռուպցիա իրավական հասկացության իմաստային տարողության մեջ։

Այն, որ նրա շրջապատում, անմիջական թիմակիցները նաեւ որոշակիորեն հանցաշխարհի հետ են ինչ որ կապերի մեջ, արդեն մամուլը հոգնել է գրելուց եւ ասելուց։ Ստացվում է այնպես, որ այն, ինչի դեմ էր խոսում Փաշինյանը միլիմետրի ճշգրտությամբ կատարում է, իր խոսքի եւ գործի անհամապատասխանությունն ամեն րոպե ապացուցելով։ Միայն մի բան կա, որ դեռ չի արել, սակայն կանի, եթե վստահ լինի, որ դրա տակից էլ չոր դուրս կգա իր «գավառացի աֆերիստի» կամ «էժան ավանտյուրիստի» բնավորությանը համահունչ։

Խոսքը մարտի մեկի մասին է։ Չի բացառվում, որ նա ընդունակ լինի նույնիսկ կրակել սեփական ժողովրդի վրա, «արյան գետեր հոսեցնել, որ սիրտը փառավորվի» եթե իմանա, որ դա կմարսի։ Հատկապես, եթե դա ընդդիմադիրների արյունն է, որոնք իրական սպառնալիքներ են ստեղծել իր իշխանության ու աթոռի համար, իսկ աթոռը նա պաշտում է ամեն ինչից առավել եւ դարձրել է իր համար կուռք ու աստվածություն։