Փաշինյանը խոստովանեց, որ խնդիր ունի․ Պուտինը...

Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը թերևս վերջին շրջանի իր ամենակարևոր արտաքին քաղաքական խոստովանությունն արեց։ Խոսելով Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի և ԵԱՏՄ-ում մնալու մասին՝ նա հայտարարեց․ «Այս պահին մենք այլընտրանք չունենք, այդ այլընտրանքն իրականում ստեղծված չէ»։

Այս մեկ նախադասությունը բացահայտում է Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականության հիմնական հակասությունը։

Եթե Հայաստանը ԵԱՏՄ-ին իրական այլընտրանք դեռ չունի, ապա ինչո՞ւ է Փաշինյանի կառավարությունն արդեն սկսել ԵՄ անդամակցության քաղաքական գործընթացը։ Ի՞նչ հաշվարկի վրա է հիմնված մի քաղաքականություն, որն անխուսափելիորեն հարցականի տակ է դնում Հայաստանի ներկայիս տնտեսական ինտեգրման համակարգը։

Բիշքեկում Պուտինը փաստացի հայտարարեց, որ Մոսկվան այս երկակի մոտեցումն այլևս չի ընդունում։ Նրա ձևակերպմամբ՝ մեկ այլ տնտեսական միությանն անդամակցության գործընթաց սկսելը, ըստ էության, նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսել, քանի որ միաժամանակ երկու համակարգերում գտնվելն անհամատեղելի է։

Այստեղ խնդիրը Պուտինի հետ համաձայնելը կամ չհամաձայնելը չէ։ Հայաստանի իշխանությունը պարտավոր է պատասխանել՝ պատրա՞ստ է արդյոք այն տնտեսական հետևանքներին, որոնք կարող են առաջանալ իր ընտրած քաղաքականության պատճառով։

Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերներից է։ Պուտինի ներկայացրած տվյալներով՝ Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի առևտրի շուրջ 30 տոկոսը, իսկ ԵԱՏՄ շուկային՝ արտաքին առևտրաշրջանառության շուրջ 36 տոկոսը։ Ռուսական ընկերությունները ներգրավված են Հայաստանի էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի և այլ կարևոր ոլորտներում։

Սրանք հարաբերություններ չեն, որոնք հնարավոր է մեկ քաղաքական հայտարարությամբ փոխարինել մեկ այլ ուղղությամբ։

Առավել ևս, երբ Փաշինյանն ինքն է ընդունում, որ խոստացված այլընտրանքը դեռևս գոյություն չունի։ Ստացվում է՝ Հայաստանը կարող է վտանգի տակ դնել գործող տնտեսական համակարգը՝ հանուն մի այլընտրանքի, որի իրական հասանելիությունը դեռ ապահովված չէ։

Իշխանությունը փորձում է միաժամանակ երկու քաղաքական իրականությունների առավելություններից օգտվել՝ Եվրոպային ցույց տալ, որ Հայաստանը շարժվում է դեպի ԵՄ, իսկ Ռուսաստանին և ԵԱՏՄ գործընկերներին հավաստիացնել, որ ԵԱՏՄ-ից դեռ դուրս չի գալիս։

Բայց Բիշքեկի հանդիպումը ցույց տվեց, որ այդ քաղաքականության հնարավորությունների պատուհանը կարող է փակվել։ Պուտինն արդեն հստակություն է պահանջում՝ նշելով, որ Մոսկվային անհրաժեշտ է հասկանալ Հայաստանի ընտրությունը՝ իր հետագա տնտեսական քաղաքականությունը կառուցելու համար։

Հայաստանի համար հիմնական հարցը նույնիսկ «ԵՄ, թե ԵԱՏՄ»-ն չէ։ Խնդիրն այն է, որ կառավարությունն արդեն սկսել է շարժումը՝ չունենալով այն իրական այլընտրանքը, դեպի որը հայտարարում է, որ շարժվում է։

Եվ սա ընդդիմության գնահատականը չէ։ Փաշինյանն ինքն է ասում՝ այլընտրանքը դեռ ստեղծված չէ։

Ուրեմն մնում է ամենապարզ հարցը․ եթե այլընտրանքը չկա, ո՞ւր եք տանում Հայաստանը և ի՞նչ գին է վճարելու երկիրը մինչև այդ այլընտրանքը երբևէ կստեղծվի։