Փաշինյանը «խաղաղության օրակարգը» գցում է ժողո...

 Լիտվա իր պաշտոնական այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն արտահայտել է բավական ուշագրավ մի միտք, որը կարելի է որակել որպես «զուտ նիկոլական» միտք իր բովանդակցության առումով։ Նա մասնավորապես ասել է հետեւյալը․ «Պատերազմից հետո կարևոր էր արձանագրել այն ուղենիշերը, որոնց ուղղությամբ պետք է Հայաստանը շարժվի: Պետք է խոստովանեմ, որ քաղաքական դաշտում այս հարցերի պատասխաններն այնքան էլ ձևակերպված չէին, սակայն վերջին ընտրությունները գեներացրեցին կոնկրետ քաղաքական բովանդակություն: Առնվազն մեր քաղաքական ուժի պարագայում ոչ այնքան քաղաքական քարոզարշավ էր, որքան երկխոսություն քաղաքացիների հետ, որտեղ նրանք ոչ միայն լսողի, այլև ասողի դերում էին: Մենք էինք լսում, թե ինչ են քաղաքացիները մտածում մեր նախորդ 30 տարիների պատմության մասին: Այս հանգրվանում էլ ձևակերպվեց այն ռազմավարությունը, որ ՀՀ կառավարությունը ներառեց այն իր ծրագրում. մենք դա ձևակերպում ենք Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշարջան բացելու անհրաժեշտություն»։

Նիկոլ Փաշինյանը ըստ էության ասում է, որ իր եւ իր թիմի կողմից առաջ մղվող այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» հեղինակն իրականում ոչ թե Հայաստանի գործող իշխանությունն է, այլ ժողովուրդը, իսկ ինքն ու իր թիմակիցները, որպես իշխանություն, ընդամենը այդ գաղափարի, նիկոլական տրամաբանությամբ ասած՝ «ժողովրդական պահանջի» իրականացնողներն են։ Եթե ավելի ուշադիր նայենք հարցին, ապա տեսնում ենք մի պարզ իրողություն, որ նույնիսկ այս հարցում Նիկոլ Փաշինյանն հավատարիմ է մնում ինքն իրեն, որ փորձում է ամեն ինչ ներկայացնել այնպիսի լույսով, այնպիսի պրիզմայով, որպեսզի խուսափի պատասխանատվությունից։

Խոսակցական լեզվով ասած՝ Նիկոլ Փաշինյանը «խաղաղության դարաշրջանը» գցում է ժողովրդի գրպանը։ Իսկ սա նշանակում է, որ ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին պարտադրված խաղաղության օրակարգը, որը ենթադրում է Արցախից վերջնական հրաժարում, խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, հայկական որոշ տարածքների հանձնում, Հայաստանի, որպես պետության սուվերենության խայտառակ նվազեցում եւ այլն, փաստորեն «փաթեթավորվում է» «ժողովրդի պահանջով» եւ ներկայացվում որպես այդպիսին, որպեսզի հետագայում, եթե ինչ ինչ խնդիրներ լինեն,  ինքն ունենա արդարացում ու ասի՝ «ես մեղավոր չէի, ժողովուրդն է ուզել, ես էլ իրականացրել եմ»։

Սա ըստ էության աննախադեպ բան է, երբ Հայաստանին ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից պարտադրված խայտառակ ստորացումների համար պատասխանատու է նշանակվում Հայաստանի ղեկավարի կողմից Հայաստանի ժողովուրդը։