Հայաստանյան ներքաղաքական դաշտում օրակարգի հիմնական հարցը շարունակում է մնալ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը։ Իշխանության համար, թիվ մեկ հարցը շարունակում է մնալ իշխանությունը պահելու հարցը․ Փաշինյանի համար, օրինակ ամեն ինչից վեր եւ ամեն ինչից թանկ վարչապետի աթոռին հնարավորինս երկար մնալն է․ «սորոսականների» համար՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին իր պաշտոնում պահելը, մյուսների համար էլ՝ իրենց տաքուկ անկյունները, պարգեւավճարներն ու «պադավատները» պահպանելը։ Զարմանալաի է, սակայն արժանապատիվ հեռանալու, կամ արժանապատիվ կեցվածքի մասին մոռացվել է իշխանության ներսում, բոլոր փայատերերի կողմից։ Իսկ Արցախի մեր հայրենակիցների ձմեռվա սեզոնի ջեռուցման հարցերը լուծում է Մոսկվան։ Տպավորություն է, որ Փաշինյանը նույնիսկ ուրախ է, որ «ազատվեց» Արցախից։ Իսկ ընդհանուր առմամբ, եւ իշխանության ներսում եւ իշխանությունից դուրս քաղաքական բեմահարթակում շարունակվում են ինտրիգները՝ հին ու նոր ինտրիգանների մասնակցությամբ։ Չափազանց զարմանալի է այս ամբողջ թոհուբոհի մեջ մոռացվում է մի կարեւոր հանգամանք․ իսկ ինչու է Փաշինյանը դեռ իր աթոռին նստած, ինչու է Արմեն Գրիգորյանը դեռ իր աթոռին նստած, ինչու է Վաղարշակ Հարությունյանը դարձել Պնախարար եւ արդյոք նա է Պնախարարը, թե Անդրանիկ Քոչարյանն է իրական Պնախարարը, պարզապես նրա «մուրազը փորում մնաց» հերթական անգամ, որովհետեւ ժամանակին նա հայտարարում էր, որ «հոկտեմբերի 27-ի» պատվիրատուն Պուտինն է, եւ ռուսական հատուկ ծառայությունները։ /Ի դեպ ժամանակաին ասում էին, երբ Վաղարշակ Հարությունյանը առաջին անգամ էր Պնախարար նշանակվել, որ իրական Պնախարարը Վազգեն Սարգսյանն էր, իսկ նա սովորական դրածո ֆիգուր էր եւ կարծես թե այս գիծը շարունակում է մեկը, ով Վազգեն Սարգսյանի ձեռքի տակ փոխնախարար է աշխատել, ի դեմս Անդրանիկ Քոչարյանի/։ Այս բոլոր հարցերը ունեն բավական պարզ պատասխան․ բոլորը դեռ հարաբերականորեն պահպանում են իրենց տեղերը, որովհետեւ այդպես դեռ պետք է Մոսկվային։ Ու թող ոչ ոք կուրծք չծեծի ինքնիշխանության եւ այլ վեհ խոսքերը «ծամոն» դարձնելով։ Մոսկվային դեռ պետք է, որ Փաշինյանը մնա վարչապետի աթոռին, որովհետեւ այդպես նա կկարողանա ավելի սահուն իրականացնել իր «Կովկասյան սեփականաշնորհումը»։ Մնացածը արդեն՝ Փաշինյանի իշխանության մնալուց ածանցված երեւույթները՝ սկսած Վաղարշակ Հարությունյանից եւ Անդրանիկ Քոչարյանից մինչեւ «սորոսականներ», առաջնային պլանում չեն դեռ, բայց նրանցով Կրեմլում կզբաղվեն, երբ իրենց ծրագրի առաջին փուլն իրականացնեն։ Ինչ-ինչ, բայց Մոսկվայում լավ գիտեն հայաստանյան քաղաքական դաշտի հին ու նոր ինտրիգներն ու ինտրիգաններին, իրենց «զգեստապահարանների կմախքներով» հանդերձ, որոնք կօգտագործվեն, եթե հարկ լինի եւ ժամանակը գա։



