Փաշինյանը հերթական ականջահաճո «սնամեջ» հայտար...

Այս օրերին, հետընտրական տրամադրությունները սկսում են իրենց տեղը զիջել ռեալ իրականությանը, իրենց բերած ամենօրյա խնդիրներով, որոնցում առաջնահերթ կերպով եւ ամբողջ սրությամբ դրվել է ոռոգման ջրի խնդիրը։ Ընթերցողը թերեւս կհիշի, որ մարդիկ տարբեր մարզերում դուրս էին եկել փողոցներ, փակում էին ճանապարհներ, պահանջելով հարցի լուծում իրենց ընտրյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։

Խնդիրն իրոք հրատապ է, քանի որ կարող է «գրողի ծոցն» ուղարկել գյուղացու մեկ տարվա լրիվ չարչարանքը։ Եվ ահա, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, դժվար է ասել, խնդրի հրատապությունը հասկանալով կամ ոչ, այս առնչությամբ խորհրդակցություն է անցկացնում, քննարկում է հարցը եւ անում բավական հետաքրքիր հայտարարություններ, որոնք որքան էլ ականջահաճո կարող են լինել առաջին հայացքից, սակայն ռեալ կերպով հրատապ լուծում խնդրին չեն տալու։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գյուղատնտեսության ոլորտում կառավարության ռազմավարությունը հանդիսանում է կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը։

«Կլիմայական գլոբալ փոփոխությունները մեզ հանգեցնում են եզրակացության, որ ավանդական ոռոգումն ապագա չունի եւ այն պետք է փոխարինել կաթիլայինով: Մենք առաջիկայում պետք է խթանենք կաթիլային ոռոգման ներդնումը եւ այն շատ արագ կիրառենք»,- կառավարությունում այսօր անցկացրած խորհրդակցության ընթացքում նշել է վարչապետնի պաշտոնակատարը:Նրա խոսքով՝ արձանագրվել է ջրամբարների կառուցման եւ ջրի ամբարման ծավալների մեծացման անհրաժեշտություն, ինչը նույնպես պետք է շատ արագ սկսել:Ինչ վերաբերում է ներկա պահին գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու խնդրին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «ՀՀ օրենսդրությամբ որոշակի ընթացակարգեր են նախատեսված եւ պետք է հասկանանք՝ որքանով ենք դրանք կիրառվելու, ինչպիսի որոշումներ ենք կայացնելու, որպեսզի ոռոգման ջրով կարողանանք ապահովել գյուղատնտեսությանը»: Իսկ հիմա հասկանանք, թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։

Ընդհանրապես, անկախ այն բանից, թե որեւէ երկրի ազգային տնտեսությունը ինչ մոդելով է զարգանում, այդ թվում նաեւ գյուղատնտեսությունը, գյուղատնտեսական տարին սկսելուց առաջ իրականացվում է մոտավոր հաշվարկ, պարզելու համար օրինակ տվյալ պահին ունեցած գյուղնշանակության ջրային օգտագործելի ջրային պաշարների ծավալը պարզելու, ենթադրենք, Սեւանից ջրառի ծավալը հստակեցնելու, եւ այլնի հետ կապված։ Այսինքն՝ օրենսդրական կարգավորումները ուսումնասիրելը եւ ըստ այդմ, հրատապ խնդիրներին լուծում տալը պետք է ոչ թե այսօր արվեր, այլ նախապես արվեր, մինչեւ այս ուղտը կչոքեր հայ գյուղացու դուռը նախապես ունենալով սցենարներ, թե օրինակ՝ կլիմայական գլոբալ փոփոխությունների պայմաններում, ամառային տապ եւ քիչ տեղումնային եղանակին ինչպես ենք լուծում գյուղացու ոռոգման խնդիրները եւ ինչի հաշվին։

Պլանավորումը, անկախ այն բանից, որ ապրում ես ազատ տնտեսական հասարակարգ ունեցող երկրում, շատ նորմալ երեւույթ է։ Ի վերջո սցենարավորելով եւ պլանավորելով, դու ունենում ես կանխատեսելի եւ նաեւ հնարավոր ֆորս-մաժորային իրադրության պայմաններում՝ հնարավորինս քիչ կորուստներով իրավիճակից դուրս գալու հնարավորություն։ Թե չէ, կաթիլային ոռոգման անցնելու կամ ջրամբար կառուցելու համար ահռելի ֆինանսական միջոցներ են պետք, որը այս պահին Հայաստանը պարզապես չունի։ Եւ հետո, մինչ մտածես ու հասկանաս, բույսը կչորանա, բերքը կոչնչանա ու գյուղացին կհայտնվի անելանելի վիճակում։