Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների նորընտիր վ...

Բլենհայմյան պալատում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Նիդեռլանդների նորընտիր վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ:  

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Սխոուֆին պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Նիդեռլանդներ բազմոլորտ հարաբերությունների զարգացմանը: 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և Նիդեռլանդների հարաբերությունները հատկապես վերջին տարիներին թևակոխել են բարձր քաղաքական երկխոսության շրջան։  

Պարոն Սխոուֆը նշել է, որ Նիդեռլանդները կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը և պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ ի նպաստ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում կապերի խորացման: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Կողմերը կարևորել են երկար բանակցություններից հետո Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու որոշումը: 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին: Փաշինյանը կարևորել է դրանց լուծման ուղղությամբ միջազգային հանրության հետևողական աջակցությունը: